Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկեղեցին ալ կանգնված է VII դարեն ոչ հետո։ Դրսեն գմբեթի պատվանդանը բարձր է քան կտուրներու կատարը։ Ներսեն գմբեթը հանգչած է trompeներու վրա, պատուհանները խոշոր են հակառակ իր փոքրության։ Ներսի ապսիդին ձախակողմին կից պատին մեջ մտցված է մի խաչաձև փոքր մկրտության ավազան, շատ նման իր ձևով Զվարթնոցի շարժական ավազանին, բայց կերևի թե հետո են մտցուցեր այդ ավազանը պատին մեջ, թեև ավազանաքարը ըստ երևույթին շատ հին է։ Բոլոր զարդաքանդակները կպատկանին մինչև VII դարուն պատկանելը փաստացի ապացուցված հիշատակարաններու վրա գտնված զարդաքանդակներու ոճին։ Արևմտյան կողմը դրան կից ավելցուցեր են մի փոքրիկ մատուռ, որուն դրան վրա վերնասյամի փոխարեն գրեր են կոթողաձև մի գերեզմանաքար Հառիճի քարի նմանությամբ, այս քարին վրա քանդակված կա մարդու պատկեր և խաղող։ Թիվ 26 լուսանկարը կներկայացնե մի արձանագրություն, որը քանդակված է արևմտյան դռնեն ներս անմիջապես ձախ կողմի պատին վրա։ Թիվ 27, 28 լուսանկարներ դուրսը հարավ-արևելյան անկյունի վրա փորագրված արձանագրություններ են։ Այս եկեղեցվո վրայի բոլոր արձանագրությունները, որոնք գրեթե անվնաս պահված են, հակառակ բաղձանքիս անհնար եղավ լուսանկարել օրվան և տարվո եղանակի անհարմարություններու պատճառավ։ Կհուսամ հառաջիկային ամբողջացնել թե՛ լուսանկարներ և թե՛ չափագրական թերություններ։

Արդիկ գյուղի բնակիչներուն պատմելով շատ հաճախ կգտնվին գյուղի մոտերը հեթանոսական գերեզմաններ, որոնց մեջեն կգտնվին զանազան իրեղեններ, ինչպես ուլունքներ, դրամներ, կավե ամաններ և այլն և այլն։ Թիվ 29 լուսանկարին մեջ երևցած կավե ամանները գտնված են Արդիկի մոտի գերեզմաններեն։

Արդիկ գյուղեն դեպի հարավ, մոտավորապես 5-6 վերստ հեռավորության վրա կա Մահմուտճուգ անունով գյուղ մը։ Այս գյուղն ալ հարուստ է յուր բազմատեսակ հնություններով։ Մի հնագույն եկեղեցի կա գյուղի մեջ, անպայման մինչև VII դար կանգնված։ Մի ուրիշը գյուղի հարավ-արևելյան կողմը 1 և կես վերստ հեռավորության վրա, մի երրորդը գյուղեն 2—3 վերստ հեռու հարավ-արևմտյան կողմը։ Բացի այս եկեղեցիները, գյուղի մեջ և դուրսը <կան> թե՛ հեթանոսական քարափոր տապաններ և թե՛ քրիստոնեական հին գերեզմաններ հաճախ արձանագրություններով։

Թիվ 30 լուսանկարը Մահմուտճուգ գյուղի միջի հնագույն եկեղեցին է հյուսիսային կողմեն լուսանկարված։ Ներքուստ և արտաքուստ