Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես կտեսնվի թիվ 38 լուսանկարի ստորին աջ անկյունին վրա, որ աշտարակի մը ձև ունի, իցե թե լինի սա մի զանգակատուն: Գյուղացվոց պատմելով տարիներ առաջ կանգուն էր այդ աշտարակը, ուներ իր մեջ վեր բարձրանալու սանդուխ և ավելի բարձր էր քան եկեղեցին։ Այժմ ոչինչ չէ կարելի հասկանալ առանց մասնավոր պեղումի։

Այս եկեղեցվո արևմտյան կողմը 300 քայլ հեռավորության վրա մի գյուղացի գտել է հոյակապ գերեզման մը վրան ընդարձակ արձանագրությունով ՆՁԵ թվականին։ Գերեզմանը կպատկանի ինչ որ Ապրղարիպ իշխանի, թերևս Անիի մեջ ծանոթ Պահլավունի Ապրղարիպն է։ Գերեզմանը շինված է գաճ ու կրով խիստ հաստատուն: Արձանագրված տապանաքարին արևելյան կողմը հսկա պատվանդանի վրա կանգնված է եղեր (թիվ 41 լուսանկար) խաչքարը, որուն լայնությունը մեկ մեթր և 60 սանթիմ է, իսկ բարձրությունը կեսեն ավելի կոտրված ու անհայտացած է։ Թիվ 40 լուսանկարը այս գերեզմանին արձանագրված խոշոր տապանաքարն է։

Ըստ Ձեր մասնավոր հանձնարարության Մահմուտճուգ գյուղեն գնացի Շիրվանճուգ գյուղը, որ 4—5 վերստ հեռավորության վրա է։ Այս <գյուղի> եկեղեցվո մեջ չափազանց հետաքրքրական են ամեն մի հարամասունք։ Հատակագիծը բոլորովին տարօրինակ է իր խիստ քիչ լայնության համեմատությամբ խիստ երկարությունը։ Հյուսիսային կողմեն բնավ պատուհան չունի, արևելյան կողմեն ունի մի պատուհան abside-ին վրա բացված։ Արևմտյան կողմը դրան վրա ունի զույգ մը պատուհան մի բարակ սյունով իրարմե բաժանված։ Հարավային կողմը ունի երկու պատուհան՝ մին սեղանին մոտ, որը բոլորովին պարզ է թե հետնագույն բացվածք է և հետո ալ կրկին փակված, իսկ մյուսը հարավային դռնեն քիչ դեպի արևմուտք։ Այս բոլոր պատուհանները միաժամանակ շենքին հիմնարկության ժամանակակից լինելու հաստատուն երաշխիքը չեն ներկայացներ։ Ներսը սեղանին տակ խորանին գմբեթարթի աղեղը մնացեր է շատ ուժեղ կերպով շեշտված fer á cheval: Ներքին որմասյուներու խարիսխներն ու խոյակները լիովին կհիշեցնեն Տեկորի ներքին և արտաքին որմասյուներու moulure-ները։ Այստեղ ամեն ինչ հնություն է, մանավանդ տարօրինակ է հիմը, որ անտաշ որձաքարերով շինված է մինչև հողի մակերևույթը։ Արձանագրությանց անընթեռնելի հետքեր կան հարավային կողմը փակված պատուհանի քարերուն վրա։ Հյուսիսային կողմը քանի մը հունարեն տառեր կնշմարվին։ Շենքը շրջապատող corniche-ը գրեթե նմանն է Էջմիածնի