Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առնե3 զայն, սակայն այս առաջարկությունը զիս իրավամբ անելանելի դրության մեջ կձգե։ Ես ինչպե՞ս գին առաջարկեմ այն գործի ամբողջության համար, որը դեռ մինչև այսօր Գիտությանց ճեմարանը տեսած և գաղափար կազմած չըլլալեն զատ, նույն ինքն գործն ալ կմնա դեռ հում վիճակի մեջ. ամբողջ սևագրություն է և ցիրուցան։ Հազիվ 15-16 պատկեր մաքուր կարողացած եմ շինել, նույնիսկ ես ալ չեմ կարող ճշտիվ գաղափար կազմել տակավին, թե քանի մեծադիր և մաքուր բլանշներ պիտի ունենամ, թեև համենայն դեպս 150-են պակաս չէ. ես ավելին այժմեն չեմ կարող որոշել, գուցե 200-ի մոտենա։ Եթե հարմար կտեսնեք, ապահով միջոցավ Ձեզ ուղարկեմ ամբողջ սևագրություններս և մաքուրի առնված գործերս, ամենուն վրա նշանակելով ի՞նչ և ո՞ր մասեր ըլլալնին և մաքուրի մեջ ինչ դիրք և ձև ստանալիքնին. այդպեսով եթե հնար կըլլա գաղափար կազմել և գին որոշել, ես այն ատեն շատ ուրախ կըլլամ։ Իսկ գալով գնի մասին, ես շատ անգամներ Ձեզ ըսեր եմ, և բոլոր սրտովս անկեղծորեն նորեն կկրկնեմ— ես բոլորովին համաձայն եմ Ձեր ընելիք որոշման, նույնիսկ, եթե առաջարկեք, որ նվեր տամ այդ հաստատության իմ ամբողջ աշխատանքս՝ սիրով պատրաստ եմ։ Բայց գիտեմ, որ ոչ Դուք այդ բանը կանեք և ոչ այն հարգելի գիտնականներու խումբը, ուստի ատոր փոխարեն ես ալ կառաջարկեմ այսպես։ Հայտնի է, որ չորրորդ տարին վաղուց է սկսել, որ ես կչարչարվիմ այս գործի ետևեն, մինչև լրանալը արդեն կլրանա չորս տարին ալ, հետևաբար այդ բոլոր սևագրությունները մաքուրի առնելու համար՝ հազիվ բավե երկու տարին, որով կլինի վեց տարի, ուստի այդ վեց տարվան աշխատանքիս փոխարեն ինչ որ արժան տեսնեք, ինչ որ որոշեք, առանց այլայլության պատրաստ եմ ընդունելու՝ թեկուզ ամենահամեստ պայմանն ալ լինի։ Ես շատ կուզեի, որ գործս ամբողջ մաքուր պատրաստ ըլլար և այնպես ներկայացնեի այդպիսի մեծ հաստատության մը, որ ավելի պատիվ կբերեր ինծի, սակայն ի՞նչ օգուտ, որ դժբախտ հանգամանքներ զիս կաշկանդած են, և ես ալ օր մը առաջ ինքզինքս ազատելու կջանամ։ Թեև կարծեմ ունեցած քանի մը կտոր մաքուր գործերս ալ կարող են գաղափար տալ գործին ամբողջության վրա, եթե ես ալ մի ընդարձակ տեղեկագիր գրեմ։ Իսկ գալով գործս Գիտությանց ճեմարանի մրցանակաբաշխության ներկայացնելու4 մասին, դարձյալ նույնը պիտի կրկնեմ, թե, արդյոք, քանի մը կտոր մաքուր գործերուս հետ սևագրություններուս ամբողջ հավաքածուն կարո՞ղ է ծառայել նույն նպատակին։ Իհարկե, ինձ համար շատ փափագելի