Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասած, գործերս ստացողներից մեկը գրած էր, թե 4.300 կռոնով քսան հատ պապիրոս չի առնվեր, իսկ մյուսը գրել էր, թե այդ գումարով քաղաքին մեջ երկու անգամ տրանվայ չի կարելի նստել։ Ուրեմն պատրաստ եմ այս գրքույկը Ձեզ հանձնել, որ ղրկեք իրեն, թող այդ ևս չի լինի ինձ համար։ Երկհատոր հրատարակությունից12 այսօր ես մի օրինակ չունիմ, իրեն ասելով որպես թե ղրկել է, բայց ես չեմ ստացել, գոնե մեկ օրինակ այս վերջին անգամը կարող էր ուղարկել ամենայն ապահովությամբ, վերջերս ես ստիպված եղա այդ իմ աշխատություններով զարդարված գրքից մի օրինակ ունենալու համար՝ Ակինյանին վճարել վաթսուն ռուբլի՝ անձիցս ու բերնիցս կտրելով, որպեսզի ունենամ գեթ մի օրինակ։ Սակայն սև բախտիցս անակնկալ Ակինյանը գնաց և ես ոչ գիրք ստացա և ոչ փողս։ Էլ չեմ խոսում այն բազմաթիվ լուսանկարներիս մասին, որոնց մեծ մասը իմ սեփական հավաքածոյիցս դուրս են և փողով գնած եմ զանազան լուսանկարիչներից, հայտարարել է, որ իբր թե ես նվեր տվել եմ իրեն։ Մինչդեռ նվեր չեմ տված, այլ թողել եմ իր մոտ ժամանակավորապես օգտվելու համար, և ինչպես կարող էի տալ, երբ ես ծախու առել եմ իմ սեփական աշխատություններիս համար միայն մեկ մեկ օրինակ։

Այս պատմությունից շատ բան կա գրելու, բայց ես ոչ կարողություն ունիմ և ոչ սիրտ ավելին գրելու, եթե բախտը բերե մի օր պատահենք միմյանց, բերանացի կխոսենք երկար։ Դուք կհամոզվիք միանգամայն, որ մինչև վերջը, ես հանդեպ Ստրչիգովսկիի միշտ պատրաստ եմ եղել զոհաբերելու իմ բոլոր աշխատություններս և հարգանք եմ տածել իր անվան ու պատվին, սակայն ինքը, այնպես վարվեց ինձ հետ, որ որակել չեմ կարող։ Դարձյալ իմ համոզումս է, որ եթե իրեն մնար, ինձ նման մի չարատանջ աշխատավորի այս ահռելի զրկանքը չէր անելու, անպայման իր մոտ եղող և իր վստահությունը վայելողներ այս չարիքը բերին իմ գլխիս։ Բայց իհարկե, ես ոչ ոքի չեմ ճանաչում և միայն իր պատվին եմ թողել՝ այդ ահագին աշխատանքս իրեն մոտ։

Այս երկար նամակս եթե Ձեզ ձանձրույթ էլ պատճառե, կարդալուց հետո պատասխանեցեք իրեն, ինչ ձևով որ ուզում եք, ինձ եղածը՝ եղած է, ես արդեն թշվառացել եմ այդ կորուստով։ Հուսահատված ընդարձակ աշխատությունս գրելե, անցյալ տարի սկսեր էի գրել հայ արվեստի մի պատմություն սկսած հեթանոսական շրջանից մինչև քրիստոնեական XV դար, խտացած Զվարթնոցի ուսումնասիրության13 շուրջը, որը դարձյալ բավական մի պատկառելի