Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գորեն3:— Այս առթիվ պիտի խնդրեմ մի բան, որ շատ կարևոր է Ձեր օրագրություններուն մեջ, թե կարելի է փնտրեք, անցյալ տարվան պեղման ժամանակ եկեղեցվո արևմտյան դռան մոտեն գտնված պատի մը բեկորին4 մասին արձանագրածնիդ, որը այժմ ինձ համար մեծ կարևորություն ստացավ և կմնա միակ ապացույց Ձեր գրածը, վասնզի քարերը փճացած են։ Անշուշտ կհիշեք, որ պատի բեկորին վրա կար մի կամարաձև շրջանակի կտոր և կիցը կար պարզ և թեթև փորվածք խորշի ձևով։ Շատ փնտրեցի այդ խորշի ձևով փորվածք քարը, բայց անհնար եղավ գտնել․ վերջին անգամ չափերես ճշտվեցան, որ այդ խորշաձև փորվածքները կգտնվեին արտաքին պատին ներսի երեսին վրա, իրարու մոտ, սյուներուն մեջտեղ, իսկ իրարմե հեռու սյուները կապված էին կամարաձև պսակով բոլորովին անջատ, առանց կամարները մեկը մյուսին կապված ըլլալու, թեև ես այն ժամանակ չափած և արձանագրած եմ, սակայն Դուք գիտեք, որ քանի որ ուրիշ մասերու նման ապացույց բեկորները չիկան, Ձեր գրածը ավելի կարևորություն ունի:

Ես և հայր սուրբը5 սիրով պիտի հանձն առնեինք Ձեր ցուցակները6 սպառելու ջանալ, սակայն մինչև այսօր մեզի չեն խրկած պ․ Խալաթյանները:

Պ. Գևորգը7 կխնդրե, որ հյուրատան8 շինության համար մի պաշտոնական արտոնություն խրկեք, որով ճանչցվի իրենց սեփականություն նույն շինությունը Հնագիտական մասնաժողովի կողմանե, որպեսզի մեծաքանակ ծախքերով այդ շինությունը շինվելեն հետո մեկը իրավունք չունենա անժամանակ զիրենք դուրս նետելու, որով փճանա իրենց զոհողությունները։

Առայժմ իմ առողջությունս լավ է, նախորդ երեք տարիներու հիվանդությունս այս տարի չի կրկնվեցավ։ Կբարեմաղթեմ Ձեզ ալ հաջողություն, առողջություն և երկար կյանք։ Խորին հարգանքներս ազն<վուհի> տիկնոջ9, Գևորգին10 և Վալոտիին։

Մնամ Ձերդ խ<ոնարհ> ծառա՝
Թորամանյան

<Հ. Գ.> Մինչև մեկ ամիս Ղոշավանք ըլլալուս համար կարելի է գրել Անիի հասցեով, եթե բարեհաճիք գրել մոտ ժամանակներս։