Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<Հ. Գ.> Պ․ Քրիստափորյան յուր հարգանքները կհիշե, քանի մը օրե ի վեր այս տեղն է: Նա մոտ ծանոթ էր Ձեր փնտրած գրքին, այսինքն հայ արհեստավորաց պատմության։ Խնդրեցի և անմիջապես գրեց Պոլիս, որ ուղղակի Ձեր հասցեին խրկվի, ուստի կհուսամ, որ շուտով կստանաք:


24. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

1906, 27 հոկտեմբերի
Ս․ Պետերբուրգ

Մեծարգո և սիրելի բարեկամ,

Եթե ես համոզված չլինեի, թե Դուք իմ դրությունս առանց նամակներիս էլ կիմանաք հոգեկցությամբ և իմանում եք, շատ պիտի մեղա ասեի, <որ> այդքան նամակներից և մեկին պատասխան չեմ տվել ցանկալի արագությամբ։ Հասնելու օրվանից ես շունչ քաշելու ժամանակ չունեմ և ինձ համար, նամակի համար, մինչև անգամ երկտող նամակի համար ժամանակ ճարել ամենադժվար բան, շատ անգամ բոլորովին անհնար։ Ոչ թե ուրիշ իմ գիտությունից հեռու հարցեր են ինձ զբաղեցնում, այլ նույն գիտության, շատ անգամ (գոնյա այս տարի) մեր Անիի և նրա մեջ գտնված առարկաների ուսումնասիրության անհուն գրականություն ևն, և, իհարկե, միևնույն ժամանակ դասախոսություններ, զեկուցումներ հնագիտական ընկերության մեջ (մեկից երեկ եմ պրծել), ևն, ևն: Բայց եթե նամակներիդ գրելով չեմ պատասխանել, գոնյա դիմումներիդ գործնական մասը կարողացածիս չափ կատարել եմ։

  1. Գիրքերի մասին թյուրիմացություն է երևի։ Իմ ներկայությամբ են հասել կազմված ճարտարապետական մեծ գիրքերը: Խ<ալաթյան>ցների տունը։ Գրում եմ սրա մասին, նույնպես և ցուցակի1 (Անվո հնադարանի) մասին: Գուցե կծախվի որոշ քանակությամբ. աղեկ մը գումար պարտք վրաս ընկավ։ Մախլաս։
  2. Ինչ որ ճարտարապետական մասերը՝ կասկած հարուցանող ճարտարապետական մասերը՝ լուսանկարած եմ, տպելու և ինձ հասնելու պես Ձեզ ղրկեցի։ Նույն ծրարին մեջ դրել եմ և Բանայի եկեղեցու լուսանկարները[1]։
  1. Օրագրիցս տեղեկություններ հասցնել՝ դժբախտաբար չեմ կարողանում, դրա համար հարկավոր է, որ մենք միասին նստած լինենք և Ձեր հարցերիդ բերանացի պատասխանեմ: Շատ ափսոս, որ Անիում չենք կարողացել այդ կասկածելի կետը խորհրդակցելով լուսաբանել, եթե դրանից որևիցե անճշտություն կծագի։