Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըլլա. սակայն ես չափեցի և տեսա, որ անոնց չափեն շատ տարբեր էր և լայն, հավանական համարեցի, որ այն կողմերը եղած ըլլա սյունին դիմաց խորշ, այդ խողովակը, ինչ որ կա Զվարթնոցի և Գագկաշեն ս. Գրիգորի մեծ սյուներուն ետևը։ Հաստատապես որոշ չըլլալուն համար այս մասը ներկեր եմ թուխ գույնով, ինչպես նաև միջին բոլորակի սյուներուն շարքը:

Միջին բոլորակի ուղղության վրա այժմ գտնված երկու սյուները համեմատական հաշիվի առնելով՝ տեսա, որ 12 սյուն կսեղմեր ամբողջ բոլորակին տակ, բացի խաչաձևի կեդրոններու սյուները, իրարմե այնքան հեռու, որչափ որ բացվածք ունի այժմ կանգուն մասին վրա այդ սյուներուն վրա ձգված կամարները մինչև սեղանին ետև, որոնց մեջը առայժմ կրկին լեցված է։ Պետք է խոստովանել, որ եթե, իսկապես այսպես էր շինված, ավելի լուրջ և գործնական դատողության վրա հիմնված էր այս հանդուգն շինության վտանգը պակսեցնելու հաշիվը, որովհետև փոխանակ ութ կետերու կամ սյուներու, տասն և վեց հենարաններ պիտի կրեին ծանրությունը։

Հատակագծի մյուս մասը կներկայացնե երկրորդ հարկեն վար և վարի հարկի սյուներեն վեր, փոքր սենյակներու ուղղությամբ գտնված մասը։ Այնտեղ կերևի երկրորդ հարկի ամբողջ բոլորակ խարիսխը սև գծով և տակեն խաչաձև սյունաշարերը՝ թուխ գույնով։

Արտաքին պատերուն վրա հետզհետե կրած փոփոխությունները ցույց տվի զանազան գույներով. բոլորովին սև եղածը կներկայացնե ամենահին պատը, որուն թե ներսեն և թե դրսեն նշանակված են սյուներու շարքերը։ Մութ թխագույն են հետո ավելցված հաստ կամարակապ որմասյուները, և ավելի բաց գույնով են ետնագույն լիցքերը՝ այս սյունամեջերուն:

Կհուսամ, որ բավական կլինի այս համառոտակի բացատրություններս, քանի որ Դուք անձամբ տեսած և հետազոտած եք ամեն բան, իսկ եթե ոևէ թերություն թողած եմ թե՛ աշխատությանցս մեջ և թե՛ բացատրություններուս, խնդրեմ բարի եղեք իմացնել, որ ըստ կարի ջանամ բավականություն տալ:

Ութերորդ պատկերը իմ կարծիքով բոլորովին մեծ անակնկալ մ'է։

Տկարությանս օրերուն մեջ երբեմն կերթայի շրջագայելու հայր սուրբին5 հետ և հաճախ կերթայի Առաքելոց եկեղեցիի արևելյան կողմը գտնվող այն ապարանքներու մնացորդներուն քով, որոնք,