Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես գիտեք, վաղուց իմ ուշադրությունս գրաված էին: Մի որ թափած քարերեն քանի մը հատ շուռ տվավ հայր սուրբը, մեկ հատին տակեն հանկարծ դուրս եկավ այս պատկերը կրող քարը. դժբախտաբար գլուխին կողմը շատ փչացած. որովհետև մեկ ծայրը հողեն դուրս մնացած էր: Ուշադրությամբ քննելես հետո՝ տեսա, որ Զաքարեի խորհրդանշան Թամար թագուհին ներկայացնող առյուծն էր՝ թևավոր և թագակիր ինչպես Հառիճի վրա, հետևաբար շինությունն ալ կպատկաներ Զաքարեի։ Այս քարը ինկած էր գրեթե դռան առջև. այս տեսնելես հետո այլևս հետաքրքրութենս շատ ավելցավ։ Սկսեցի մանրամասն խուզարկության, դռան առջև փորեցի 3-4 քառակուսի մետրի չափ տեղ։ Երթալով հետաքրքրական կդառնար, ոչ մի բրիչի հարված պարապը չէր անցներ, միշտ դուրս կուգար գեղաքանդակ կտոր մը։ Վերջապես, երկու մեծ դահլիճներուն դռներուն առջև մեկ-մեկ քիչ փորելով՝ տեսա, որ ճարտարապետական անսպառ հարստութեն թաղված է այդտեղ և ես ոչ մի հնարավորութեն չունիմ անոնք բանալու, ուստի շատ պիտի խնդրեմ, որ ինկատի ունենաք հառաջիկա տարուն համար այդ հրաշակերտ ապարանքը6 ի լույս ածելու, որուն վրա պիտի տեսնենք ԺԳ դարու ճարտարապետության իսկական վիճակը։ Փոքրիկ շրջանի մեջ, բացի Թամարի արձանեն, գտնվեցան, «Սարգսի դռան»7 աստղերուն կրկնապատիկ մեծությամբ քանդակազարդ աստղեր՝ 12 հատ և անոնց մեջը հագցված տարանկյուն քառակուսիներ՝ խիստ ճոխ քանդակված, նույնպես քանդակազարդ դռան բարավորներ, սյունամեջ պատեր, պատուհաններու կամարներ։ Դռան մեկուն քովի սյուները քիչ նման են «Սարգսի դռան» սյուներուն՝ երեք կիսասյուն իրարու միացած, իսկ մյուս դուռը, որուն առջևեն գտնվեցավ Թամարի արձանը, ունեցեր է զույգ ոլորուն սյուներ՝ հավանաբար գետնեն սկսած և վեր բարձրանալով պսակած ամբող<ջ> դուռը, ինչպես Առաքելոցի դռան կամարը։ Այս դռան ճակատը զարդարված է եղեր ուրիշ տեսակ մոզայիքներով (ոչ աստղեր)՝ խաչաձևեր տեսակ մը պորդերներով շրջապատված խիստ շքեղ ճյուղավորումներով։ Հատակը շատ խորն էր, և անհնար էր ինծի համար ամբողջ տեսնել, եթե ոչ փափագեցա, որ բացվի այս երկու դուռը և վերակազմելով խրկեմ Ձեզ. բայց կցավիմ, որ հնար չիկա։ Ինչպես կերևի մեկ սաժենեն մինչև մեկուկես սաժեն պետք է թաղված ըլլան հողին տակ։ Եթե բախտ ունինք տեսնելու, գալ տարի Ձեր պեղման ծրագրին մեջ կը մտցնեք այս կարևոր տեղը։