Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մյուս կողմանե այդ ամբողջ գրածիս ռուսերենի թարգմանվելու դժվարությունը զիս կհուսահատեցնե։ Ուստի մտածեցի` այդ ամենեն մի ամփոփ տեսություն կազմել և միասին խրկել` լավ թե վատ թարգմանված ռուսերենի։ Մինչև այդ բոլորին կատարվելը, առնվազն տասը օրվան կկարոտի։ Հետևաբար, թվականես տասը օր հետո` այս ամսու 26-ին, անպատճառ կհանձնեմ փոշթին. միևնույն ատեն Ձեզի առանձին նամակով տեղեկություն տալով։

Տեղեկագիրս պիտի գրեմ հայերեն և քովը կկցեմ ռուսերեն թարգմանությունը, ուստի խոնարհաբար կխնդրեմ, որ գոնե մի անգամ աչքե անցնելով՝ բաղդատեք անոր հարազատությունը։ Դուք գիտեք, որ այստեղ շատ դժվար է ռուսերեն լեզվի գրագետ մարդ ճարել։ Նույնիսկ գրվելիք խնդրագրին մասին իսկ վստահություն չունիմ. շատ լավ պիտի ըլլար, որ քանի մը տողով ինծի թելադրած ըլլայիք անոր գրվելու կերպին մասին, բայց քանի որ չիկա և ես չգիտեմ այդպիսի մեծ հաստատություններու գրվելիք բաներու օրենքներ, ըստ բախտի պիտի գրեմ ինքս հայերեն և լավ թե վատ թարգմանել տամ ուրիշներու։

Մինչև նամակս Ձեզի հասնելը, եթե անհրաժեշտ համարվի ավելի շուտ խրկվիլը, և կարիք չզգացվի տեղեկագրություններուս և բացատրություններուս, խնդրեմ հեռագրավ ինձ իմացնեք, որ անմիջապես ուզված րոպեին տամ փոշթին։

Զվարթնոցի և Պանայի համեմատության, և իմ վերակազմության հետ բաղդատության3 մասին, անշուշտ շնորհ կբերեք գրել հարմար առթիվ, որ զիս խիստ կշահագրգռե․ ցանկալի է ինծի տեսնել անոր վավերացումը և կամ հաստատությունը՝ հնար եղած չափով Ձեր և Ձեզ աթոռակից գիտնականներու վճիռով։

Որչա՞փ ուրախացա, որ Ձեր հառաջիկա տարվան ծրագրի մեջ մտցուցիք Զաքարեի ապարանքին4 պեղումն ալ․ ամբողջ երեք տարվան փայփայած հույսս էր այդ, միշտ կերթայի այնտեղ, կտեսնեի գեղարվեստական մեծ շինության մը անվրեպ նշանները, սակայն զայն վայելելու անկարելիության առջև հուսահատ կդառնայի․ ինձ համար ևս բախտավորություն է ունենալ իշխանական պալատի մը կազմածը իմ հավաքածոյիս մեջ, որը համեմատաբար ավելի հարազատ և անաղարտ մնացած է անշուշտ, քան Բագրատունիներու ապարանքը։ Չգիտեմ արդյոք բախտ պիտի ունենա՞մ հառաջիկա տարի ևս Ձեր ցանկալի ընկերակցությունը վայելելու և Ձեզ աշխատակցելու մեծ գոհունակությունը։

Մնամ խորին հարգանոք Ձեր ծառա՝

Թ. Թորամանյան