Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարկատաններով նախշված են։ Ահա այս տառապանքներուն մեջ ալ դարձյալ ավելցավ ինձ վրա 70 ռուբլիեն ավելի պարտք։ Ֆիզիկական այն դառն զրկանքներուս վրա ավելցուցեք նաև մի ուրիշ հոգեկան տագնապ, որ անվերջ սիրտս կկրծե. հակառակ ծերունի եղբայրցս գրած աղերսալից նամակներուն, չեմ կարողացած մի կոպեկ խրկել անոնց՝ ամբողջ տարին գոնե անոնց ընտանեկան ցավը մեղմացնելու համար (ահա այս ստացածս 300 ռուբլիեն անմիջապես 150-ը պիտի փոխադրեմ անոնց)։ Իսկ երբ կմտածեմ ու կտեսնեմ, որ պարտք տվողներ կսկսին ինձմե երես դարձնել, և ինչպե՞ս պիտի շարունակեմ կյանք և աշխատանք, այն ատեն հրաշք է, որ չեմ խելագարված, բարոյական կորովս միայն զիս պահած է մինչև այսօր՝ այս բազմակողմանի դժբախտության դեմ։

Ահավասիկ իմ կյանքի մի համառոտ նկարագիրը ըստ Ձեր ցանկության, բայց ես վերստին պիտի խնդրեմ, որ ոևէ ակնկալության մտքով չըմբռնեք այս նկարագրությունս. 300-ին վրա, եթե 300 ևս ավելնա՝ գուցե դարձյալ չի ծածկե իմ բոլոր ցավերս, ուստի մի մտածեք այն բաներուն վրա, ինչ որ Ձեզ համար անկարելի կգտնեք և թողեք զիս իմ ճակատագրիս հետ. միայն պաղատանոք պիտի խնդրեմ, որ շարունակեք Ձեր բարոյական բարձր հովանավորությունն ու պաշտպանությունը իմ ապաշնորհ ազգակցացս դեմ (ներեցեք, որ սրտի ցավես կգրեմ այս բառը), որով միայն պիտի փրկեք զիս՝ պատվույս և բարոյական արժանավորությանցս սպառնացող վտանգներեն, և դա թող լինի մշտնջենական ամոթ այն հասարակության, որուն փոխանակ վարձատրության արժանանալու, խուլ արհամարանքներուն արժանացա։

Ինչպես գիտեք, իմ միակ մխիթարությունս է տեսնել աշխատանքիս պաշտոնապես գնահատության4 արժանանալը, այդ բարոյական գնահատությունը պիտի սրբե իմ ճակատես շատերուն անխղճաբար երեսիս նետած թուքն ու մուրը, պիտի փրկե զիս կարգ մը թունավոր լեզուներու անպատվաբեր հարվածներեն, և լիովին պիտի մոռցնե հինգ տարվան մարտիրոսական չարչարանքներով լի տխուր ու դժբախտ օրերս, նոր ույժ և քաջալերություն պիտի ներշնչե ինձ՝ շարունակելու սկսածս մեծ գործը։

Նյութական գնահատության մասին ես ալ շատ դժվարին դրության մեջ մնացած եմ, չի գիտեմ ի՞նչ ըսեմ, քանի որ դեռ պաշտոնապես վճռված չէ անոր գիտնականորեն կարևորությունն ու օգտակարությունը։ Գուցե իմ երևակայությանս մեջ միայն մեծ է իմ գործս, և գիտնական կաճառը զայն իբրև անպետ վճռե։ Արդ