Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրտի բաբախում բերել, մինչև օրս իմ սիրելի աշխատություններես գիծ մը անգամ չի կարողանալ քաշելես զկնի, գոնե պարզ կարդալու մխիթարութենեն իսկ զրկված մնացի։ Հազիվ գլուխս կկախեմ գրքի վրա, անմիջապես կարծեք երկաթյա մուրճով կխփին գլխիս՝ աչքերս մթննալու չափ։ Անցյալ տարի ալ, նորաշեն տանս խոնավության պատճառավ գուցե, ունեցա այս գլխացավը, սակայն այսքան սաստիկ և երկարատև չեղավ, գոնե լավ թե վատ կարողացա աշխատել։ Այս տարի անհնար եղավ, մինչև այսօր նույն դրությամբ կշարունակե։

Ինչպես կտեսնեք, լուրջ դրության հասած եմ և անպայման պետք ունիմ բժշկական խնամքի, այլապես հնար չեմ տեսներ ազատվելու, ի նկատի ունենալով միշտ աղետալի հետևանքներու ենթակա ֆիզիկական կազմությունս։ Պիտի երթամ Թիֆլիս՝ դարմանվելու համար, քանի որ այստեղ ոչ միայն այնքան կարող բժիշկ ալ չի կա, այլև բնակարանս, որ գլխավոր պատճառն է բոլոր քաշածներուս, լիովին անհարմար է զիս բուժելու։

Արդ, աղերսագին կխնդրեմ, որ ներկայս ստանալնուդ շնորհ բերեք երկտողով մը ինծի իմացնելու, թե ի՞նչ եղավ խրկած գործերուս1 հետևանքը, վասնզի վերջերս գրեթե ամեն օր անոր վերադարձվելուն սպասելով չի կարողացա հեռանալ քաղաքես, որպեսզի, մի գուցե, իմ բացակայությանս անցնի ուրիշներու ձեռք, որն որ ինծի բնավ ցանկալի չէ։ Կամա ակամա ստիպված եմ մնալ, մինչև որ տեղեկություն ստանամ կամ գործերուս խրկվելուն և կամ մնալուն, եթե տակավին պետք կա մնալու, գիտնամ և միամտիմ ու մեկնեմ այստեղեն։

Եթե մի քիչ լավ ազդեցություն թողու վրաս Թիֆլիսը և եղանակները նպաստեն, ապրիլ ամսո մեջ ալ մտադրված եմ շրջել Երևանի նահանգին մեջ գտնված հիշատակարանները, ընկերակցությամբ պ. Լեոի, որն որ իր տկարության պատճառավ կուզե օդափոխության շրջել։

Գուցե այլևս չի հաջողվի ինծի տեսնել այդ հնությունները, և քանի որ մինչև Ձեր վերադառնալը տակավին երկու ամիսեն ավելի կա, գոնե այդ առիթով օգտվիմ անոնցմե, որոնց խիստ շատ պետք ունիմ։

Հայր սուրբը2 այստեղ է և հարգանոք կողջունե Ձեզ՝ համայն գերդաստանոք, կցանկա, որ իմացնեք իրեն կանխավ, եթե կան անհրաժեշտ նախապատրաստություններ Ձեր գալուն առթիվ։

Ընդունեցեք խոնարհ հարգանքներս՝
Ձեր ծառա Թ. Թորամանյան