Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բայց թե որչափ կարելի է հավատալ այս բոլորովին անորոշ տեղեկության, և հիմնվելով անոր վրա եզրակացնել, թե այդ տաճարին կցված շենքը այդ երեք եկեղեցիներեն մեկն է։ Լուսանկարները (Էջմիածնի) բոլորովին անպետք են այդ լուրջ գործի համար, եթե ես հնար ունենամ վերստին պատրաստել տալու՝ կջանամ, եթե ոչ Հայկին, գոնե մի ուրիշին, իսկ հակառակ պարագային՝ լավ թե վատ պիտի ստիպվիմ իմ նախապես նկարել տվածներով գոհանալ․ այս մասին ալ կրկին կդիմեմ Ձեր խորհուրդին։

Հովիվի եկեղեցիին նորոգություն<ն> ինձ համար ալ մեծ բավականություն եղավ, վասնզի ազատեցավ գոնե մոտալուտ վտանգե, սակայն վարպետ Հմայակ և յուր աշխատավորներ ինձի դեմ մի խարդախություն ըրին. օգտվելով իմ բազմազբաղ վիճակես՝ վարպետները, առանց լմնցնելու գործը, իրենց հանձն առած չափով թողին փախան, ոչ վրայի ծածկը ամբողջ շինեցին և ոչ ալ ներսի կողմեն կամարամասերը։ Ուստի ես ալ, ստիպված, վարպետ Հմայակեն առի մի անդորրագիր, որուն միջոցով կպարտավորեր հառաջիկա գարնան անպատճառ գալ, ամբողջացնել պակաս թողած գործերը և հետո ստանալ Ձեր տալիք 25 ռուբլին։ Վարպետ Հմայակը ինծի այս պայմանագիրը՝ հայր սուրբի վկայական ստորագրությամբ, ինքն ալ ստորագրելեն հետո, կերթա Խալաթյաններեն 25 ռուբլին կստանա՝ հավատացնելով, որ գործը վերջացուցած է. անոնք ալ առանց ինծի հարցնելու և կամ ինձմե մի թուղթ պահանջելու՝ կուտան 25 ռուբլին։ Ուստի, երբ իմացա, ես դիմեցի Խալաթյաններուն և հայտարարեցի, որ ես չեմ ճանչնար այդ ապօրինի վճարված 25 ռուբլին, եթե իրենք չերաշխավորեն. քանի որ իմ հսկողությանս հանձնված գործ էր, անոնք պարտավոր էին ինծի տալ գումարը և կամ իմ միջոցով տալ։ Վերջապես, անոնք ալ երաշխավորեցին վարպետի համար, որ գարնան պիտի շինե։ Ուստի ես այդ անդորրագիրը մեկնելու ատենս կհանձնեմ Խալաթյաններուն, որ Ձեզի տան. նաև առանձին կբացատրեմ, թե ինչեր է պարտական շինելու, որպեսզի իր հանձնառությունը կատարած ըլլա։ Բացի 125 ռուբլիեն, իմ մեկ դիմումով ծանոթ բարեկամներ 150 ռուբլի ևս բերին, որով այդ նորոգության ծախքի գումարը հասավ 275 ռուբլիի։ Դուք պիտի տեսնեք, որ ես բավարար գին վճարեցի՝ համեմատելով գործին հետ, և իրենք շատ մեծ խարդախություն ըրին հակառակ իմ բարեմտության։

Պանայի5 և այլ լուսանկարներ առայժմ կմնան ինձ մոտ, զանոնք ետ կդարձնեմ վերակազմության6 հետ նկատողություններով,