Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զգացումներու՝ հուզումի, տխրության մեջ երկար տարուբերվելե հետո, սիրով փարեցա մեր պապերեն մեզի ժառանգություն մնացած այդ տխուր և սրբազան հիշատակարաններուն: Ուխտեցի մնալ այնտեղ աշխատիլ, տքնիլ, մեկ կողմեն աշխատությանս արդյունքը հայ ժողովրդին ներկայացնելու անխառն ուրախությունը վայելել, մյուս կողմից մեր ցեղի հանճարին չնաշխարհիկ բեկորները փլատակներու և գերեզմանական տխուր հողակույտերու տակեն ազատելով՝ ցույց տալ նաև ամբողջ գիտական աշխարհին»[1]:

Հավատարիմ իր ուխտին Թորամանյանը չի վերադառնում արտասահման և սկսած 1904 թվականից ձեռնարկում է Անիի հուշարձանների ոչ միայն չափագրմանն ու նկարագրմանը, այլև պատրաստում է նրանցից շատերի վերակազմության նախագծերը: Սակայն կարճ ժամանակից հետո Թորամանյանը ընդլայնում է իր գիտական գործունեության շառավիղը, ինչպես նաև չափագրվող հուշարձանների արյալը: Նա դուրս է գալիս Անիի սահմաններից, նվիրվում է ընդհանուր հայ ճարտարապետության ուսումնասիրությանը և մոռանալով իր անձնական կյանքը, անսպառ ոգևորությամբ շարունակում այն մինչև իր մահը:

***

Թորամանյանը Արևելյան Հայաստան էր եկել միայն կարճ ժամանակով՝ Անին տեսնելու և կրկին արտասահման վերադառնալու նպատակով: Սակայն երբ որոշում է առժամանակ չվերադառնալ և ձեռնարկել հայկական ճարտարապետության ուսումնասիրությանը, նյութական տեսակետից իր հույսը դնում է կողմնակի օժանդակությունների վրա: Բայց նրա հույսերն ու ակնկալությունները չեն իրականանում:

Մի կողմից հայ ճարտարապետության ուսումնասիրության նեղ մասնագիտական բնույթը անմատչելի էր լայն մասսաներին, մյուս կողմից առանձին անհատներ վիճելի էին համարում Թորամանյանի գիտական պատրաստությունը՝ վերոհիշյալ նպատակը իրագործելու համար:

Քանի որ կասկածի տակ էր դրված աշխատանքի կարևորությունը և կատարողի ունակությունները, հասարակության ունևոր մասը չէր ցանկանում փորձության ենթարկել իր կոպեկները:

Մնալով նյութական և բարոյական խրախույսից զուրկ, սկզբնական տարիներին Թորամանյանն ընկնում է ծանր կացության մեջ: Բարեբախտաբար այդ ժամանակ պրոֆեսոր Ն. Մառն արդեն երկրորդ տարին էր, ինչ վերսկսել էր 1893 թվականին ընդհատված պեղումներն Անիում: Առաջին իսկ ծանոթությունից Մառը հանձին Թորամանյանի տեսնում է մի հմուտ և խորաթափանց մասնագետի, ըստ արժանվույն գնահատում նրա կարողություններն ու նպատակները և սկսած 1904 թվականից նրան դարձնում իր գլխավոր աջակիցը՝ Անիի պեղման և ուսումնասիրման աշխատանքներում: Թորամանյանին է հանձնարարում պեղածո նյութերի և ճարտարապետական հուշարձանների չափագրումն ու գծագրումը:

Մառի հանձնարարությունները բարեխղճությամբ կատարելուց բացի, Թորամանյանը հարկ եղած դեպքում պատրաստում է նաև կիսականգուն և ավերակ

  1. Թ. Թորամանյան, Զվարթնոց եկեղեցին, «Մուրճ», 1905, № 5, էջ 188