Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նյութիս։ Պատասխանատվության ամեն տեսակ ծանրություններ հանձն առնելով, վստահ կերպով հրապարակավ կհայտարարեմ, թե իմ Զվարթնոցի հատակագիծս միանգամայն ճիշտ է և իրականին լիովին համապատասխան, և պատրաստ եմ Ձեր իսկ ընտրած մասնագետներու ներկայության փորձի ենթարկել, երբ կկամենաք։

Այն սխալները, որոնք ցույց կտրվին իմ հատակագծիս վրա Ձեր կողմանե, խծբծանքն ավելի նշանակություն չունին («Արարատ», 1909, հունվ<ար>, երես 69)։

ա) Եկեղեցու շուրջ բոլոր տարածված աստիճանները բուն եկեղեցվո մաս չեն կազմեր. ամեն ոք ազատ է զանոնք ներկայացնել կամ ոչ։ Արդարև ներկայացնելով առավելություն մը տրված կհամարվի, բայց չներկայացնելով ալ եկեղեցվո հատակագիծը իր ամբողջութենեն ոչինչ չի կորսնցներ։

բ) Գլխավոր սեղանի աջ կողմը մասանց գզրոցը շենք կամ շինության մաս չէ. «գզրոց» անունը բավական է ապացուցանելու, որ նա կահկարասիքի արժեք միայն ունի։

գ) Սեղանից դեպի ներքև իջնող երկու աստիճանները (իմ պատկ. գ. 1 ) բոլորովին ճիշտ են, տարաբախտաբար Դուք եք սխալված, և չեք կարողացած հասկնալ, որ այդ եկեղեցիի նախկին սեղանն է, որուն մասին խոսեր եք «Ազգագրական Հանդեսի» XVI գիրք 137 երեսի վրա. յուրաքանչյուր կողմի զույգ սանդուխներուն մեկը վար իջնելու կծառայե և մյուսը՝ սեղան բարձրանալու։ 1904 թվականին ես նույն ձևը մասնավորապես գծեր եմ նաև Պետերբուրգի կայս<երական> հնագիտական մասնաժողովի համար ևս, որն որ խրկվեցավ Խաչիկ վարդապետի ձեռքով։

դ) Պիլաստրների—եկեղեցու ներսից—հատակում շուրջ բոլոր տարածված մայթ անվանածնիդ մայթ չէ, այլ մի ուրիշ նշանակություն ունեցող գիծ, որնոր ըստ ինքյան շատ հետաքրքրական երևույթ է հայ ճարտարապետության մեջ, ինչպես նաև Ձեր քիչ մը վարը «երկրորդ շրջագիծ միացնում են բոլոր սյուները» ըսածը, որ գրեթե նույնն է Ձեր մայթ անվանածին հետ։ Ես նպատակավոր կերպով լռության տված էի այդ մասերուն վրա բացատրություն տալ առանձին հոդվածով խոսելու համար, բայց եթե կփափագիք, մասնագիտական ժողովի մը առջև պատրաստ եմ բացատրելու այդ Ձեզ համար անհասկանալի գծերուն նշանակությունը։

«Չունի՝ արևելյան քառանկյունի շինության արտաքին կողմի երեք աստիճանները» ըսածնիդ ալ դարձյալ արդյունք է Ձեր անուշադրության.