Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնականաբար չկարողանալով ըմբռնել իմ արվեստիս մեջ ունեցած հմտությանս չափը, մտքեն անգամ պիտի չանցներ իմ՝ վարպետի արժանիք միայն ունենալս և պիտի մնար ընդմիշտ խաբված, եթե վրա չհասներ Ձեզ նման ներհուն և խորաթափանց մի անձնավորություն, ինկած մոլորութենեն զայն դուրս բերելու համար։

Արդարև հազիվ 15-20 օր անցած, ոչ միայն Խաչիկ վարդապետ, այլև Ձեր միջոցավ ինծի ծանոթացող ամեն ոք, մեծ և փոքր, սկսեցին Ձեզ նման անխտիր վարպետ անվանել զիս։

Ձեր ծառան որտեղե՞ն սորվեցավ իմ վարպետ անունս, որ ոչ միայն ի սկզբան, այլև մինչև այսօր, երբ զիս կտեսնե Վաղարշապատի մեջ, իրմե սպասվածեն շատ ավելի հարգանքով բարի գալուստ կմաղթե վարպետիս: Այդ միամիտ ծառաները որտեղե՞ն կսորվին անսխալ՝ մեկուն ինջիներ անունը տալ, մյուսին՝ ճարտարապետ, առանց նշանակությունն ըմբռնելու, վանքի գյուղատնտեսին՝ մասնագետ և ինծի ալ վարպետ։ Բնականաբար թութակի նման պիտի կրկնեին, ինչ որ ամեն օր կլսեին իրենց տերերեն։

Իսկ ինչ կվերաբերի պրոֆ. Մառի ակնարկած լուսավորյալ վանականներուն12, Դուք ուշադրություն չեք դարձուցած Ձեր կարդացած թարգմանության մեջ սպրդած պարզ տպագրական սխալի մը, որուն պատճառավ ընդհանուր միաբանության հասցեին եք վերագրած նույն մեղադրանքը։ Փոխանակ ըլլալու «մեկը լուսավորյալ վանականներից» պետք է ըլլա «մեկ քանին լուսավորյալ վանականներից, որոնց թվում կան համալսարանական վկայականով անձինք» (տե՛ս թարգմ. «Ախուրեանի»13 1908, № 86)։

Ես կթվեմ այդ մեկ քանի վանականներու անունները, որոնց հետ ծանոթացած եմ կամ Ձեր բնակարանի մեջ և կամ Զվարթնոցի մեջ՝ Ձեր ընկերակցությամբ եկած։ Եղիշե վարդ. Մուրադյան, Բաբկեն վարդապետ, Եղիշե վարդ. (շուշտակ), Կորյուն վարդ., Հուսիկ եպիսկոպոս։ Այս վերջինս նաև թույլ տվավ իրեն, Երևանի առաջնորդարանի մեջ, իր ճաշի սեղանին վրա, օտար սեղանակիցներու ներկայության, մինչև իսկ զիս «հոս-հոս» անվանելու չափ զիջանիլ։ Այդ ճաշին հրավիրված էր Խաչիկ վարդապետ, որ նոր ինձ հետ գործով մը Երևան գնացած էր, որուն հետ սեղանակցելու պարտավորյալ պատիվը տվավ ինձ Հուսիկ սրբազան։

Ես կկարծեմ, որ այս թվածներս ամենն ալ ուսյալ և զարգացած վանականներ են, այլ սակայն իրողությունը այն է, որ ամենուն բերնին մեջ սովորական դարձած էր իմ վարպետ պատվանունս։