Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեռ այս տարվան 1909 թիվ հունվար 1-ի առավոտը Էջմիածնի տաճարի դռան առջև, կարճ խոսակցության մը պահուն, Բաբկեն վարդապետ ակամա թռցուց բերնեն «վարպետ» բառը, բայց ես նկատեցի որ նա հանցապարտի մը նման շփոթված իսկույն վրա բերավ «ճարտարապետ» բառը։

Այստեղ արդարությունը պարտք կդնե վրաս խոստովանիլ, որ Բաբկեն վարդապետ, բավական ժամանակ առաջ անջատված վարդապետականներու պարտիեն, ըստ արժանվույն մարդավայել հարգանքով կընդուներ զիս, և եթե երբեմն հորջորջման մեջ կըսխալեր այդ ալ նախկին ուժեղ ազդեցության մը արմատացման հետևանքն էր, որն որ դժվար էր միանգամեն մոռնալ։ Ուստի այս առթիվ Բաբկեն վարդապետ թող ներե ինձ, իր անվան հետ կցված փոքրիկ պատմություն մը ակամա մեջ բերելուս համար։

Այժմ այս հարցին ալ վերջ տալու համար, կոչում կընեմ՝ զիս «վարպետ» անունով ճանչցող բոլոր միաբաններուն, ընդ որս նաև Խաչիկ վարդապետին, որ, հանուն ճշմարտության և հանուն արդար խղճի, իրենք վկայեն հրապարակավ, թե ո՞վ սորվեցուցած է իրենց «վարպետ» անունս։ Կարծեմ շատ դժվար պիտի ըլլա գտնել ուրիշ աղբյուր մը, քանի որ բացի Էջմիածնեն ուրիշ ոչ մի տեղ ինծի այդ անունը չեն տված, և Էջմիածնի մեջ ալ զՁեզ անմիջապես շրջապատողներու բերնին մեջ սովորական դարձած էր այդ բառը։

Պահ մը ընդունենք, որ Դուք տեսած օրերնեդ իբրև ճարտարապետ ընդունած էիք զիս, և բարոյապես մխիթարելու կաշխատեիք. ինչո՞ւ ուրեմն Ձեր աչքին առջև չորս ամիս շարունակ, զուտ ճարտարապետական թեորիներով զբաղված, դարավոր մոխրակույտի մը ձև ու կերպարանք տալես հետո (որուն հերքման համար տարիներն իվեր կաշխատիք և չեք հաջողիր) պրոֆ. Մառի ուղղյալ ինձ համար տված հանձնարարական նամակի14 մեջ չբարեհաճեցաք զիս ճարտարապետ անվանել, այլ նկարիչ: Ի՞նչ ծաղր էր այս. միթե չգիտեիք ճարտարապետ և նկարիչ բառերու անհունապես տարբեր նշանակությունները. եթե գիտեիք, ինչո՞ւ ուրեմն գրել նկարիչ, քանի որ ես Զվարթնոցի մեջ ոչ պեյզաժներով էի զբաղած և ոչ ալ տեսարաններով։

Ճշմարիտ է, որ մասնավոր բանադատություններե և զանազան անհատական ազդեցություններն ստիպված չորս տարի հետո կամա թե ակամա հրապարակավ զիս ճարտարապետ անվանեցիք, սակայն արդեն ժամանակը շատ անցած էր։