Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդկանց համար, անխտիր թափել ամեն մարդու առջև, առանց ի նկատի ունենալու անկից ծագելիք խղճի և պատվո ահեղ պատասխանատվություններ։

Դուք չեք կարող այնքան անկեղծ ու ճշմարիտ բարեկամ եղած ըլլալ պ. Բասմաջյանին, որչափ ես էի մի ժամանակ, և երկրպագու «անոր ստացած ուսումնականի հռչակին», որչափ որ ես եմ մինչև այսօր, թեև նա շատ անարժան և վիրավորական կերպով վարվեցավ ինձ հետ։ Ես Բասմաջյանի այն բարեկամն եմ, որ Կ. Պոլսո մեջ բանտարկված ժամանակ գլուխս կախաղանի վտանգի ենթարկած՝ ոչ միայն ազատեցի զինքը մշտնջենական աքսորի վտանգեն, այլև փրկեցի իր հետ ուրիշներու ալ անարգաբար ոտնակոխ ըլլալու վտանգին ենթարկված պատիվը: Եվ ի վերջո, երբ իր ձեռնարկած գործին օգտակար ըլլալու համար Կովկասի ճանապարհորդության ընկերացա առանց ոևէ փոխարինության, բարեկամական սիրույս և հարգանքիս ապացույց էր, որ տվի։

Եվ որովհետև Ձեր պ․ Բասմաջյանի անունով անորոշ գրվածքը16 կարող է հասարակության մտքին մեջ խոշոր երևակայություններու առիթ տալ, ուստի քանի մը խոսքով ալ կուզեմ այդ ճանապարհորդության համառոտ պատմությունը մեջ բերել։

Նախապես գոյություն ունեցող որոշման մը համաձայն եկա Կովկաս՝ պ. Բասմաջյանի համար Անիի մեջ աշխատելու միայն չորս ամիս ժամանակով, պայմանավ, որ նա պիտի վճարեր իմ երթևդարձի ճանապարհածախսը և պիտի հոգար սնունդս։

Արդեն մեր Անի գնալեն առաջ, Էջմիածնի մեջ, պարզվեցավ, որ պ. Բասմաջյանի տրամադրության տակ. գտնված գումարը շատ քիչ էր չորս ամիս առաջադրված գիտական նպատակով աշխատելու համար, այդ պատճառով ալ առանձնապես պ. Բասմաջյանի խորհուրդով, դիմեցի հանգուցյալ կաթողիկոսին17 և խնդրեցի, որ մի քիչ աջակցություն ցույց տա այս օգտաշատ աշխատության, նյութապես օգնելով պ. Բասմաջյանին։

Կաթողիկոսը շատ սիրալիր կերպով խոստացավ օգնել և շուտափույթ կարգադրել հարկ եղածը։

Մեր էջմիածնեն դեպի Անի մեկնելու պահուն վեհարանեն հանձնվեցավ մեզի գոց նամակ մը՝ ուղղված Անիի վանահայր Միքայել վարդապետին, հայտարարելով, որ մեզ համար հարկ եղածը գրված է նամակին մեջ։ Բայց ինչ զարմանք. երբ Անի հասանք, Մռտոյի տոպրակին պես՝ նապաստակի տեղ կատու դուրս եկավ18: Ոչ մի օգնության խոսք չըլլալեն զատ, հազիվ իրեն համար պատառ