Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մը հաց ճարող Միքայել վարդապետին կխնդրեին այդ նամակով, որ մեզի օգնե։ Այդ նամակն ալ մինչև այսօր իբրև հազվագյուտ հանձնարարական Էջմիածնի վեհարանի` պահված կմնա Միքայել վարդապետի քով։

Բնական էր, որ այս առեղծվածը լուծելու աշխատեինք, գիտանալու համար թե ինչ հրաշքով փոխված էր նամակի բովանդակությունը։ Հարկ համարված տեղեր անմիջապես գրվեցան նամակներ, և ստույգ աղբյուրներե տեղեկացանք, որ այսօրվան Բասմաջյանիշ դիմաց հարգանքի դիմակով ծածկվող մեկ քանի սրբասուն միաբաններ հարմար առիթը գտեր էին զայն պատժելու, զիրենք դժոխքի միաբան անվանած ըլլալուն համար, և բուռն թափով բողոքելով արգիլեր էին այդ նպաստը։

Թե որո՞նք էին այդ լուրի աղբյուրները, և Բասմաջյանի դեմ զինվող ախոյան վարդապետները, այդ կթողում իրեն պ. Բասմաջյանին, որովհետև ինձ հետ բնավ կապ չունի։

Անիի մեջ աշխատանքի սկսելես հետո, երբ պարզվեցավ, որ այդ աշխատանքը տարիներու գործ է, ոչ թե ամիսներու, մանավանդ պ․ Բասմաջյանի ունեցած նեղ միջոցներով սաստիկ դժվար, ուստի երկար խորհրդակցելե հետո, պ. Բասմաջյան խոստացավ ինծի միջոցներ ճարել գործը շարունակելու համար։

Դեռ Անիեն չմեկնած, պատահաբար, Ձեր ակնարկած Թիֆլիսի վաճառականը եկավ Անի և խոստացավ Բասմաջյանի մեկնելեն հետո ամեն ամիս 30 ռուբլի վճարել ինծի։ Բայց որովհետև 30 ռուբլին շատ աննշան գումար էր այդ բազմապահանջ գործին համար, տասնևհինգ ռուբլիեն ավելի ամեն ամիս միմիայն ծառայի և մշակներու վարձք կվճարվեր, հետևաբար հարկ էր ուրիշ աղբյուրներ ևս ունենալ։ Պ․ Բասմաջյան մեծ հույս ուներ, որ Ալեքսանդրապոլ և Թիֆլիս գնալուն, իրեն կհաջողվի նոր աղբյուրներ ճարել։ Նաև պատրաստելու էր առանձին գումար մը ևս՝ հառաջիկա ձմեռնային շորերու և այլ անհրաժեշտ պիտույքներու համար։

Մեկնեցավ պ․ Բասմաջյան Ալեքսանդրապոլի վրայով Թիֆլիս. ի՞նչ ըրավ այդ անցած տեղերուն մեջ՝ ինձ հայտնի չէ. միայն Թիֆլիսեն մեկնելու պահուն ինձ գրած է նամակ մը, որով կհայտնե, թե նոր աղբյուր չէ կարողացած գտնել, բայց ձմեռնային հոգսերու համար խումբ մը երիտասարդներ շատ շուտով պիտի խրկեն հասցեիս պետք եղած գումարը։

Բասմաջյան վաղուց հասեր էր Պարիզ․ ես երկու ամիս ևս Անիի մեջ աշխատանք շարունակելես հետո, խոստացվածներեն ոչինչ