Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չստանալով, Անիի մեջ պարտքեր ալ թողած գնացի Թիֆլիս, որպեսզի թե 30 ռուբլի առկախ ամսականներս ստանամ և թե գտնեմ խումբ մը երիտասարդները, որոնց մասին գրված էր ինձ։ Ամսականներս ստացա, սակայն այդ երիտասարդաց խումբեն մեկ հատն ալ դեռ չեմ տեսած մինչև այսօր։

Ասկեց հետո, այլևս սկսավ մեր անընդհատ թղթակցությունը պ. Բասմաջյանի հետ. իմ կողմանե գանգատ, անոր կողմանե խոստում. ցուրտեն դողալով, կարևոր պիտույքներե զրկվելով, ծանոթներու հյուրասիրության ապաստանած՝ ձմեռը անցուցի, և դեռ հույս չկար լրացուցիչ գումարի գարնանային աշխատանքներս վերստին սկսելու համար։ Մոտավոր ապագայի խոստումներով քաջալերված՝ մարտ ամսո մեջ դարձյալ ուղևորվեցա Անի, աշխատանքս շարունակելու համար։ Այս ուղևորութենես հետո, թե ինչ տխուր ու չարաշուք պատահարներ գլխիս թափվեցան, ես անոնց մասին կլռեմ առայժմ և որոնց ամենեն վերջինին մի տխուր հետևանքն է այսօրվան վերին աստիճան զզվելի մեր բանակռիվը։

Օգոստոս ամսո մեջ Թիֆլիսի վաճառականեն նամակ մը ստացա, որով ինձ կհայտներ, թե այլևս բավական կհամարի մինչև հուլիս վճարած 30 ռուբլի ամսականը, հետևաբար իր վրա հույս չդնեմ։

Ուրեմն, սկսյալ սեպտեմբեր ամիսեն մինչև հուլիսի վերջը, ընդամենը տասն և մեկ ամիս (ոչ թե տարուց ավելի) ստացեր եմ ամսական երեսուն ռուբլիով՝ (330) երեք հարյուր երեսուն ռուբլիի գումար մը։ Եթե այս գումարեն զեղջենք բացառիկ պետքերու համար Աբովյանցի վճարված մոտ վաթսուն ռուբլի գումար մը, որուն՝ Աբովյանցի ստորագրությամբ ֆաքթյուրը հանձնեցի Թիֆլիսեցի վաճառականին, մնաց ինձ 270 ռուբլի զուտ գումար ամբողջ տասն և մեկ ամսվան համար։ Այս գումարեն զատ ուրիշ ոչինչ չեմ ստացած, բացի վերոհիշյալ աղայի հին շորերեն, որ վեհանձնաբար բարեհաճեր էր խրկել՝ զիս ցնցոտիներես ազատելու համար, և ես ալ այդ շորերը՝ Բասմաջյանի գործին հաջողության աղոթելու համար, Էջմիածնի մեջ բաժնեցի գաղթական աղքատներու։

Այս ստացած գումարիս փոխարեն, նույն տարին խրկեցի հինգ օրինակ կատարելագործված նկարներ, որոնք գրեթե այն տարվան բոլոր աշխատությունս էին։

Արդ, այս առթիվ ես վերստին կհրավիրեմ պ․ Բասմաջյանը, որպեսզի բացատրե, թե ասկեր ավելի ի՞նչ է վճարած ինձ, ի՞նչ պահանջներ կդնե վրաս և ի՞նչ հիման վրա. այն ատեն պակաս մնացած բացատրությանց համար ալ ես պատրաստ եմ միշտ։

Թ․ Թորամանյան