Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իմ մասին նոր բան չունիմ։ Ինչպես գրեցի, գնացի Թիֆլիս փոխառություն մը4 հաջողցընելու համար, սակայն հույսս ի դերև ելավ. մյուս կողմանե քանի մը մարդիկ, որոնց հավատալ թեև ըստ իս միամտություն է, լսելով, որ ես դեռ թերություններ ունիմ գործիս5 մեջ և պետք ունիմ անհրաժեշտ՝ Անիեն դուրս եղած բոլոր հիշատակարաններն ալ ուսումնասիրելու, որպես թե խոստացան տալ ինձ միջոցներ այդ ուղևորություններս այս տարի կատարելու համար, թեև դեռ մինչև այսօր ոչինչ չէ եղած։ Հույսով միայն կմնամ, սակայն կարող է պատահել, որ մի բան հաջողի, այն ատեն ստիպված եմ Ձեզ թախանձելու, որ բարեհաճիք ինձ համար այս տարի ևս խրկել տալ Մասնաժողովի պաշտոնական արտոնագիրը6, Ղարապաղ, Երևան, և Կարսի նահանգները անարգել շրջելու համար, ուր եթե գծագրական մեծ աշխատություններ ալ չի կարողանում կատարել, գոնե կարևոր երևույթներ և տպավորություններ արձանագրելու առիթը կունենամ, որոնց վերին աստիճանի կարոտ <եմ> իմ ձեռնարկած մեծ գործիս մեջ որոշ եզրակացության հասնելու համար:

Աշնան ալ, եթե հնար ունենամ, փոխանակ Պաթումի ճամփով գնալու, կփափագիմ ցամաքի ճամփով՝, Բասենի, Տարոնի և Սեբաստիայի վրայով գնալ ծննդավայրս7 և ձմեռել այնտեղ՝ գարնան միայն Պոլիս գնալու դիտավորությամբ, եթե Դուք դեռ չեք փոխած նախորդ տարիներու դիտավորություննիդ այն կողմերու ուսումնասիրության մասին, բնականաբար շատ ուրախառիթ կլինի, երբ Ձեզ հետ կճամփորդեմ գոնե մի որոշ սահման։

Ընդունեցեք խորին երախտագիտություններս

Խոնարհ ծառա՝ Թ. Թորամանյան

67. <ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐԻՆ>

1909, 23 մարտի
Ալեքսանդրապոլ

Մեծարգո բարեկամ,

«Մշակի»-ի1 61-րդ համարի ներքին լուրերու մեջ իմ անվանս հետ կապված վերին աստիճան տարօրինակ հայտարարություն2 մը կպարտավորե զիս քանի մը րոպե Ձեր ուշադրությունը խնդրել։

Կարծեմ ավելորդ է կրկնել, որ ես ինքնին զգալով «Մշակ»-ի