Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատորներով: Սակայն զուրկ լինելով տպագրելու միջոցներից Թորամանյանը՝ «Տեկորի տաճարը» գրքից հետո, մյուս բոլոր աշխատությունները հրատարակում է հայ պարբերական մամուլում:

Հասկանալի է, որ պարբերական մամուլում հնարավոր չէր ծավալուն ուսումնասիրություններ և մեծ թվով նկարներ հրատարակել: Հայկական ճարտարապետության իրական դիմագիծը ավելի որոշ, ավելի ակնառու ներկայացնելու նպատակով Թորամանյանը կատարել էր հարյուրավոր չափագրություններ, վերակազմության նախագծեր և լուսանկարահանումներ:

1913 թվականին այդ նյութերը հրատարակելու հնարավորություն է առաջարկում Թորամանյանին Վիեննայի համալսարանին կից Արվեստի պատմության ինստիտուտը, որտեղ բացվել էր հայ արվեստի ուսումնասիրության բաժին: Թորամանյանը համաձայնվում է, սակայն նրա հույսերը չեն իրականանում: Նրա ներկայացրած նյութերի մի մասը հրատարակում է նույն ինստիտուտի պրոֆեսոր Ստրժիգովսկին (նշելով Թորամանյանի հեղինակությունը)[1], մի մասը հեղինակին է վերադարձվում 15 տարի հետո, իսկ մնացածը անհետ կորչում է:

Նյութերի արտասահմանում մնալը թե՛ մեծ վիշտ է պատճառում Թորամանյանին և թե՛ խիստ կերպով անդրադառնում է նրա հետագա գիտական աշխատանքների վրա:

Նյութական միջոցներից զուրկ լինելը պատճառ է դառնում նաև մի այլ դժբախտության:

1918—1920 թվականների գաղթերի տարիներին Թորամանյանը կորցնում է իր ողջ արխիվը՝ գրքերը, հուշատետրերը, օրագրերը, փաստաթղթերը և ինը անուն հրատարակության պատրաստ գիտական աշխատությունների ձեռագրերը, որոնք՝ նյութական միջոց չունենալու հետևանքով, մինչ այդ մնացել էին անտիպ:

Այսպիսով մի քանի տարվա ընթացքում Թորամանյանը զրկվում է այն ամենից, ինչ չափագրել, վերակազմել, նկարագրել ու գրել էր Արևելյան Հայաստան գալուց հետո:

Անհաջողություններն ու կորուստները, սակայն, չեն ընկճում Թորամանյանի ստեղծագործող, միշտ պրպտող ոգին: Ամենափոքր հնարավորության դեպքում իսկ, նա նորից ձեռնարկում է նոր աշխատանքի, վերականգնում կորուստները:

Ինչպես տեսանք, նման լուրջ և բարեխիղճ մոտեցումը հայկական ճարտարապետության ուսումնասիրության նկատմամբ, Թորամանյանի կողմից նյութական ակնկալություն չէր հետապնդում: Հազիվ թե վճռական նշանակություն ունենար նաև անձնական փառասիրությունը, որից Թորամանյանը ևս իբրև մարդ կարող էր զերծ չլինել:

Նյութի ծավալուն հետազոտությունը ցույց է տալիս, որ պատմական հայ ճարտարապետության ուսումնասիրությանը անվերապահորեն նվիրվելու մղումը Թորամանյանի մոտ ուներ ավելի վեհ նպատակ: Նրա ձգտումն էր՝ նպաստել ապագա հետազոտողներին արվեստների պատմության մեջ բանալու «Հայկական ճարտարապետություն» խորագիրը կրող բաժինը, որի բացակայությունը երկար տարիներ մտահոգության առարկա էր Թորամանյանի համար:

  1. Տե՛ս J. Strzygowski, նշված աշխատությունը