Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ է վկայում նախ՝ Թորամանյանի ամբողջ գիտական գործունեությունը, և ապա 1913 թվականին իր ծանոթներից մեկին ուղղած նամակի հետևյալ տողերը Վիեննայից, ուր նա մեկնել էր մասնակցելու այնտեղի Արվեստի պատմության ինստիտուտի գիտական սեսիային՝ հայկական ճարտարապետության վերաբերյալ իր ունեցած չափագիր և գրավոր նյութերով. «Այստեղ գալուս նպատակը,— գրում է Թորամանյանը,—անշուշտ գիտեք, արդյունքի մասին ի՞նչ գրեմ, դեռ կանուխ է, թերևս մեկ երկու ամիս հետո եվրոպական լրագիրներ գրեն, սակայն այժմեն կարող եմ ըսել, որ հայ ճարտարապետությունը վերջնականապես մտավ եվրոպական գիտության մեջ պատվավոր տեղ ունեցող բոլոր ազգերու ճարտարապետական գիտությանց շարքը և հուսալի է, որ հետզհետե անոր աթոռը բարձրանա յուր արժանավոր տեղը»[1]:

Սովետական կարգերի հաստատումից հետո, Թորամանյանի համար ստեղծվում են աշխատելու բարենպաստ պայմաններ: Նա մի կողմից թղթին է հանձնում նախորդ տարիների ընթացքում կատարած ուսումնասիրությունները, մյուս կողմից մասնակցում է Հայաստանի հուշարձանների պահպանության նորաստեղծ կոմիտեի աշխատանքներին, որի հիմնադիր անդամներից մեկն էր:

Թորամանյանի կյանքի ու գիտական գործունեության հիմնական գծերն ու դեպքերը, Արևելյան Հայաստան գալուց մինչև իր մահն ընկած ժամանակաշըրջանում, ինչպես նաև այն ծանր պայմանները, որոնք ցարական կարգերի դժվարին տարիներին, վիճակվում էին ճշմարտություն վեր հանող գիտնականին, հիմնականում արտացոլված են նրա նամակագրության մեջ: Այդ նամակների մի ստվար մասը ընդգրկված է այս ժողովածուում և Թորամանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ ներկայացվում է ընթերցող հասարակության ուշադրությանը:

Ցավոք սրտի մեզ չհաջողվեց ձեռք բերել Թորամանյանի լրիվ նամակագրությունը:

Ըստ տեղեկությունների, Թորամանյանը նամակագրություն է ունեցել արտասահմանում ապրող մի շարք հայ և օտարազգի գիտնականների, ինչպես նաև Վիեննայի ու Վենետիկի Մխիթարյան բանասերների հետ: Դրանցից այս ժողովածուում զետեղվել են միայն այն անձնավորություններին ուղղված նամակները, որոնց արխիվները փոխադրվել են Սովետական Հայաստան:

Ժողովածուի մեջ չեն մտել նաև Թորամանյանի մինչև Արևելյան Հայաստան գալը ունեցած նամակագրությունը: Այդ տարիների թղթակցություններից որևէ պատառիկ ձեռք բերելու մեր բոլոր փորձերը անցան ապարդյուն:

Նշված պակասներով հանդերձ հանձնարարվող սույն ժողովածուն գալիս է մասամբ լրացնելու ինչպես ճարտարապետական, այնպես էլ հայագիտական գրականության մյուս ճյուղերում դեռևս գոյություն ունեցող թերին: Այն, բացի նամակներից և այս ներածությունից ներառնում է ընդարձակ ծանոթությունները, չափագրությունների և դիմանկարների լուսանկարները, անձնանունների ու հուշարձանների բառարանները և նամակների ժամանակագրական ցանկը, որոնք պատկերում են ոչ միայն Թորամանյանի կյանքի ու գիտական գործունեության ամենաբեղմնավոր շրջանը, այլև պարունակում են հարուստ նյութեր՝

  1. Նամակ Բրուտոսին, 1913, 22 ապրիլ: Բնագիրը' ՀՍՍՀ ԳԱԹ արխիվ: Տպագրվում է առաջին անգամ: