Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրենց տեղովը, ժամանակովը արձանագրված, որոնք ցույց պիտի տան, թե հայ ճարտարապետության աղբյուրը և անոր ծավալումը դեպի հյուսիս և հեռավոր արևմուտք:

Գալով աշխատությանս վրա ակադեմիայի վճիռի մասին5, առայժմ Ձեզ կուտամ անոր ֆրանսերեն գրված մեկ օրինակը, որ վկայականներով միասին խրկած էին ինծի մասնավոր նամակով մը: Մնացյալ թուղթերու ամբողջ բովանդակությունը Դուք կգտնեք «Բյուզանդիոն»-ի6 1908 թվականի 3710-12-13 թիվերու մեջ:

Մի շատ կարևոր խնդրո համար Ձեր աջակցությունը պիտի խնդրեմ հուսալով, որ հանձն կառնեք, հօգուտ Ձեզ ալ սիրելի աշխատությանս։ Ինծի մի գիրք է պետք, որ երեք տարին ի վեր գտնելու համար ջանքերս իզուր անցան։ Թերևս Դուք, ընդարձակ ծանոթություններ ունենալով Փարիզի գրավաճառներուն հետ՝ հաջողեցնեք մի կերպ ձեռք բերել: Գրքին անունն է այս՝ Vogue (Melchoir de) Syrie centrale. Architecture civile et religiuse du I-r au VII siecle Paris Nobelet (1865): Քաթալոկի մեջ գինը նշանակված է 85 ֆր<անկ>, բայց ես տրամադիր եմ մինչև իսկ հարյուր ֆր<անկ> վճարել, բավական է որ ճարվի, վստահ ըլլալով, որ շուտափույթ գտնելու համար Ձեր կողմանե ամեն հնարավոր ջանք չեք խնայեր, ուստի երբ կհաջողիք անմիջապես ինծի իմացուցեք, որ դրամը փոխադրեմ և ստանանք գիրքը: Այդ գիրքը շատ գաղտնիքներ պիտի պարզե ինծի և առանց այդ գրքին ալ թերի կմնա հայ ճարտարապետության ուսումնասիրությունը։

Մնամ միշտ խորին հարգանոք

Թ. Թորամանյան


76. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

1910, 19 փետրվարի
Ալեքսանդրապոլ

Արժ<անապատիվ> հ<այր> Գարեգին,

Անհունապես ուրախացուցիք և շնորհապարտ թողիք զիս։ Ստացա գիրքը, սակայն ինչո՞ւ այդքան փափկանկատ եղած եք և չեք գրած անոր արժեքի մասին։ Արդ թախանձագին կխնդրեմ, որ բարեհաճիք որչափ հնար է, շուտով գրքին մինչև ինծի հասնելը եղած ծախքը իմացնել, որ փոխադրեմ, արդեն բավական է այն նեղությունը, որ հանձն առիք մինչև այստեղ բերել տալու համար։