Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ դրված է երեսներուն ներքևը. ասով իմ ծանոթություններուս թվահամարներն ալ խախտված էր։ Ծանոթություններեն այն մասը, որ իմ կողմանե զանազան նկատողություններ են, դարձյալ կարմիր թանաքով՝ թվանշաններով, կան բնագրին մեջ և բովանդակությունները առանձին թղթի վրա՝ նույն թիվերով, իսկ այն ծանոթությունները, որոնք գրական կամ պատմական վկայություններու կվերաբերին, անոնց վրա աստղանիշ (կարմիր թանաքով) նշանակելով՝ ներքևը ցույց տվի, թե ռուսերենի մեջ ո՞ր երեսին և ծանոթության կվերաբերին։ Այնուամենայնիվ պիտի խնդրեմ, որ Դուք դարձյալ նեղություն կրեք աչքե անցընելու, որ մի սխալմունք տեղի չունենա և ամբողջությամբ դրեք դարձյալ բոլոր վկայությանց հատվածները, որովհետև պր․ Ն․ Մառ մեծ մասամբ բարեհաճեր էր այդ ծանոթությունները իսկական բնագիրներե հավաքել և դնել թարգմանության մեջ, այդ պատճառով ալ ես գրեցի վերջին ծանոթությունս, ուստի զետեղեցեք, ուր որ հարմար կտեսնեք։

Բնագրի մեջ բացի քանի մը բառերու տեղափոխումներե, փոփոխություն չեմ մտցուցած, միայն ավելցուցած եմ ստորագծված քանի մը տողերը։

Մասնավորապես Ձեր ուշադրության և խնամքին կհանձնեմ սրբագրությունը․ ինծի հատուկ է մոռնալ բառեր, կետեր, նաև կրկնություններ ևն։

Հոդվածս և նամակս ստանալնուդ խնդրեմ շնորհ բերեք քանի մը տողով իմացնել․ նույնպես երբ կլիշեները կստանաք։

Ընդունեցեք խորին հարգանքներս

Թ. Թորամանյան

<Հ. Գ.> Այս հոդվածը կուզեմ նվիրել պ. Սիմյոն Հայրապետովիչ Հախումյանցին, կխնդրեմ որ պատշաճ տեղը գրել հաճիք:

Թ. Թ.


78. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

1910, 25 փետրվարի
Ալեքսանդրապոլ

Մեծարգո բարեկամ պ․ Ա․ Չոպանյան,

Մինչև նամակս ստանալնիդ անշուշտ Ձեզ հասած կըլլա խրկածս 100 ֆր<անկ>ը, կկրկնեմ անոր համար, որ մի գուցե շփոթություն տեղի ունենա, քանի որ պ. Ատրպետի անունով փոխադրված է։