Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես ինքս հնարավորություն չունեի փոսթ գնալու և խընդրեցի, որ իմ կողմանե Ձեր հասցեին փոխադրեն, հետևաբար այլևս Ձեզի կասկածի տեղի չի մնար, որ այդ հարյուր ֆր<անկ>ը հանձնարարված գրքին1 համար է, որուն անհամբեր պիտի սպասեմ այսուհետև։ Կրկին անգամ շնորհակալությունս կհայտնեմ, որ նեղություն կրեցիք և զիս չափազանց ուրախացուցիք։

Եթե հոդվածս2 քանի մը օր կուշանա, այն ալ մի քանի պատկերներու պատրաստության պատճառով է. բայց կհուսամ, որ մի երկու շաբաթ հետո հանձնեմ փոսթին։ Իմ կողմանե ես հոգ կտանիմ Ձեր բաղձանքին գոհացում տալու, նյութը ինքնին արդեն նորություն է և հետաքրքրական (իհարկե հասկցողին համար), իսկ ինչ կվերաբերի հոդվածին մեկ կամ երկու անգամ հրատարակվելու մասին, այդ Ձեր գործն է, ինչպես որ հարմար կտեսնեք։ Տպագրական գործերու մեջ ես փորձառու չեմ, թե որչափ ձեռագիր, որչափ տպագրական էջ կլեցնե. ես կաշխատիմ մենակ, որ ընդարձակ և մանրամասն ըլլա, որչափ որ ժամանակս կներե։ Թեև մինչև այսօր ոչ մի պատրաստություն չունիմ ճանապարհորդելու, սակայն եթե հաջողիմ մտադիր եմ մարտի վերջերը սկսիլ արշավանքս դեպի Արարատյան նահանգը. այն ժամանակ ալ, եթե ուսումնասիրություն չի գրեմ դարձյալ, գոնե նկարագրություններ և տպավորություններ կգրեմ պարբերաբար։

Եթե անհրաժեշտ է և չեք կարողանար գտնել «Բյուզանդիոն»-ի3 համարները4, գրեցեք ինծի, կհուսամ որ այստեղ հին «Ախուրյան»-ներու5 մեջ գտնեմ և խրկեմ։

Ընդունեցեք խորին հարգանքներս

Թ. Թորամանյան


79. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1910, 2 մարտի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ. բրոֆեսեոր, Երեկ երեկոյան եղբ<այրներ> Կարանյանցներե ստացա Ձեր փոխադրած 25 ռուբլին, ընդունեցեք այդ մասին ջերմագին շնորհակալություններս։ Հայր սուրբին1 և Օհանին պատկանյալներն ալ վաղը կամ մյուս օր անպատճառ կխրկվին։