Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պր․ Մառի հոդվածիս առթիվ գրածը3 միասին հրատարակել Ձեր գիտնալու գործն է․ ես ընդդեմ ոչինչ չունիմ, ընդհակառակը օգտակար կգտնեմ։ Ամենեն առաջ ես կօգտվիմ, որովհետև մինչև այսօր անոր բովանդակությունը գրեթե ինծի հայտնի չէ. այս անապատ քաղաքի մեջ, ուր որ դիմեցի չի հաջողեցա այդ կտոր մը բանը թարգմանել տալ. և այդպիսով ալ զրկված մնացի անոր մանրամասն բովանդակութենեն։

Որչափ որ լսած եմ պ. Մառեն, անոր մեջ մի փոքր քննադատութենեն զատ, մնացած մեծ մասը իմ տեսություններս հաստատող լրացուցիչ տեղեկություններ պիտի լինեն, հետևաբար երկուքն ալ կարևոր են ընթերցողներու համար՝ թե՛ քննադատությունը և թե՛ լրացուցիչ տեղեկությունները։

Եթե այդ կտորն ալ թարգմանեք և հրատարակեք, մասնավորապես կխնդրեմ, որ այդ մասը տպված ֆորմաեն քանի մը հատ առանձին խրկեք ինծի։

Պր. Մառի մտազբաղ և մոռացկոտ բնավորությունը մոտեն գիտնալով՝ խորհուրդ կուտամ Ձեզ, որ եթե ժամանակը երկարեցավ. անգամ մը ևս հիշեցնեք, մի գուցե Դուք ալ ինծի պես երկար սպասեք։

Ընդունեցեք խորին հարգանքներս

Թ. Թորամանյան

81․ ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

1910, 15 մարտի
Ալեքսանդրապոլ

Արժ<անապատիվ> <հայր> Գարեգին,

Ինչպես կըսեն՝ «խորհուրդ մարդկան, կամք աստուծո», այսպես է եղած իմ գործս․ ամեն րոպե տրամադիր եմ գալու1, սակայն իրերու հաջորդող անակնկալ ձախողվածներ զիս կզրկեն ակամա Ձեր հաճելի ընկերակցութենեն, ե՞րբ կազատիմ այս արգելքներեն, չգիտեմ, շատ ցավ է ինծի, որ այս տարվան ախորժելի եղանակներեն չի կարողացա օգտվիլ Արարատյան նահանգեն․ ինչպես կերևի հազիվ մինչև զատիկ կարողանամ վերցնել արգելքներս և գալ այդ կողմը, թերևս Դուք քան զիս կանխեք և միասին ճանապարհվենք: