Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

89. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

1911, 30 հունվար
Էջմիածին—Հռիփսիմե

Մեծարգո բարեկամ պ. Ա. Չոպանյան,

Շատ կցավիմ, որ որմնանկարներու մասին պիտի չի կրնամ Ձեզ գոհացում տալ, որովհետև ոչ ես ունիմ և ոչ ալ ուրիշ մը կարող եք գտնել ունեցող. միայն Անիի և մոտակա շրջանին մեջ հարյուրե ավելի որմանկարներ կան, թողունք այն հեռավորները, որոնց մեջ անգնահատելի պատմական նշանակություն ունեցողներ կան։ Հակառակ իմ բուռն ցանկության ես չիկրցա հաջողել մեկ հատ իսկ ունենալ (արդեն ինձմե զատ հետաքրքրվող մեկ հատ հայ ալ չեք կարող գտնել), և այդ ամբողջը կամաց կամաց սկսած է մեզմե ավելի հարգ ու արժեք ճանչցող օտարներուն սեփականություն դառնալ։ Չեմ ուզեր այս մասին այլևս երկար բացատրություններու <մեջ> մտնել` համարելով միանգամայն կանխահաս և անօգուտ իսկ, որովհետև հաճախ ճշմարտությունը խոսելով՝ ես ինքզինքիս միայն վնասեցի։

Գառնիի1 լուսանկարներու մասին չի գիտեմ, թե ինչու պ. Լեո մեղքը Խաչիկ վարդապետի վրա է ձգած։ Խաչիկ վրդ. թեև ըստ ինքյան ոչ մի գնահատելի կողմ չունի, սակայն այս գործին մեջ միանգամայն անպարտ է։ Լեո իմ միջոցավ դիմեց Խաչիկ վարդապետի եղբոր լուսանկարիչ պ. Հայկ Դատյանին Գառնիի լուսանկարներ ստանալու համար, իսկ լուսանկարիչը բացարձակ մերժեց այն բացարձակ պատճառով, որ պ. Ն. Մառ արգելք դրած է ոչ միայն Գառնիի մեջ լուսանկարներ հանելուն, այլև նախքան իր հրատարակելը ուրիշներուն ալ հրատարակելուն։ Այսպես ալ ես իրեն գրեցի, այլևս ինծի ոչինչ չի պատասխանեց. հիմա կտեսնեմ, որ շատ շրջահայաց փափկանկատությամբ եղելության մի ուրիշ գույն տվեր է։ Թող այդպես ալ լինի, ես ալ նույն ցանկությունը ունիմ՝ հայտնելով հանդերձ իրողությունը, կհուսամ, որ Դուք ալ ոչ մի հրապարակային քննադատության նյութ չեք դարձներ։

Հայրապետի2 կանխահաս մահը ճշմարիտ ցավ պատճառեց զինքը շատ մոտեն ճանչցողներուն համար։ Կովկասի մեջ ոչ ոք ցավ չզգալեն զատ համարձակ կարելի է ըսել, որ շատերուն ալ հաճույք պատճառեց, բացարձակ սուտ և ստորին կեղծավորություններ են բոլոր հրապարակային ցավակցությունները և իբրև զենք պիտի գործածեն այդ կեղծ վիշտը իրենց ապագա հաջողությանց համար։ Հայրապետի համար եկած օրեն սկսյալ ամեն օր պակաս չէին