Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկուքն ալ նորաշեն էին, բայց զարմանքով դիտեցի, որ երկուքին ալ ձևերը հին նախատիպ մը կը մատնեին, գմբեթավոր, անսյուն, և բոլորովին խաչաձև. կերևի թե այդպես էին նախկինները, և անոնց հատակագծին վրա նույնությամբ կառուցվեցան այժմյանները, թերևս հիմերն անգամ անփոփոխ պահելով, և այդ պատճառավ ալ շուտով վտանգվեցան երկրաշարժներե։ Այս երկու վանքերու տաճարներուն հատակագիծերը դժբախտաբար չկրցի առնել, թե նորաշեն նկատվելնուն՝ անարժեք համարելով, որուն վերա հետո իզուր զղջացի, և թե շատ քիչ մնալ պարտավորված ըլլալուս համար. բայց կրցի առնել ս. Առաքելոցինը, որուն պատճենը կներփակեմ նամակիս մեջ, թվահամարելով զայն Ա։ Ատոր հետ միասին կներփակեմ նաև ուրիշ երեք ևս, որոնց համար իսկապես խոստացած էի Ձեզի, և զորս նույնպես այս վերջերս ինքս անձամբ գծեցի, ճշտության բավական մոտավոր մանրամասնություններով և չափերով: Ատոնք են ս. Նշան վանքին մեջ գտնված ս. Աստվածածին եկեղեցիինը, որ «մատուռ-եկեղեցի» կհիշվի (Բ): Բուն իսկ ս. Նշանի տաճարինը (Գ), և Սեբաստիա քաղաքեն վեց ժամ դեպի—գտնվող «Աղտուց վանք» կամ «Տուզհիսարի վանք» եղած վանքի երեք տաճարներեն ավազագույնին և հնագույնինը, որ է ս. Հրեշտակապետ (Դ)։

Այժմ անցնիմ ասոնցմե յուրաքանչյուրին մասին փոքր ինչ տեղեկություններ հաղորդել:

Ա. (ս. Առաքելոց) կավանդվի շինված ըլլալ ԺԱ դարուն, Սենեքերիմի որդոց ձեռքով, Թամզարայի և Ածպտերի վանքերուն հետ. պատմական ոչ մեկ հիշատակարան չգտա մեջն ու վրան. միայն, հյուսիսային պատին արտաքին կողմը, ինչպես կապույտ մատիտով նշանակած եմ, քարի մը վերա կկարդացվի, անցման բոլորգրով խորաքանդակված, ջ...զ թվականը (9..6), որուն մեջտեղի տառը անընթեռնելի կմնա, քարի դիրքեն ու ձևեն հայտնի է, թե նորոգության մը առիթով զետեղված է։ Տաճարին ներքին երկայնությունն է 17 մեթր, դասին լայնքը՝ 10 մեթր. իսկ կոնքին լայնքը՝ 5 մեթր։ Հարավային պատը ավելի թանձր է քան հյուսիսայինը. վերջինս 1 մետր է, իսկ առաջինը 1½ մեթր. նույնպես արևմտյան պատը։ Ինծի այնպես կթվի՝ թե ի սկզբան եկեղեցին արտաքուստ այդ ձևը չուներ, և, դասերուն պատերը նույնությամբ կշարունակվեին այնպես, ինչպես պատճենին վրա կարմիր մատիտով նշանակած եմ. ասոր ապացույցն՝ ըստ իս՝ այն է, որ հյուսիսային դասի պատին վերջավորած տեղը, դուրսի կողմեն տակավին կերևի ներս գոգված