Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հնավանդ ձևերը տաճարներու մասին։ Կարգ մը հարևանցի ուսումնասիրություններ ինծի կասկած տվեր էին, որ բյուզանդական Հայաստանի և կամ Փոքր Ասիո մեջ հայերը գուցե ենթարկված ըլլան գաղթավայրի ազդեցության, սակայն ձեր ղրկած հատակագծերը փառավոր վկայություններ են, որ անոնք օտարության մեջ ալ իրենց ինքնուրույնությունը պահած են։ Ահա թե ի՞նչ տեսակետով թանկագին էին Ձեր նվերները ինծի համար։

Առիթ շատ կունենամ այս մասին Ձեզ գրելու, երբ մանրամասն հետազոտությունը վերջացնեմ այս նյութին վրա, և եթե Ձեզ նեղություն չեմ պատճառեր, մասնավոր հարցումներ ունիմ տալու հատակագծերու զանազան կետերու վրա։

Մեծ բարեբաղդություն եղեր է, որ Շաբին Գարահիսարի ս․ Առաքելոց վանքի հավելվածական մասը նկատեր եք, եթե ոչ անպայման սխալ եզրակացություն պետք էր հանեի անոր ձևի մասին՝ հայկական ավանդական ձևին օտար նկատելով։ Շատ ճիշտ է Ձեր նկատողությունը, որ անիկա ևս ի սկզբան նման էր մյուսներուն։ Ինչպես կերևի 12—13-րդ դարերու նորամուտ սովորության մը համեմատ արևմտյան կողմեն գավիթ ավելցուցեր են, ետքեն ալ, հավանականաբար բավական ուշ ժամանակ գավիթը խառներ են եկեղեցվո հետ։ Մասնավորապես կխնդրեմ, որ երբևիցե հին հիշատակարաններ քննած ժամանակնիդ վերստին ուշադրություն դարձուցեք նորոգված և հավելված մասերու վրա, վերին աստիճան կարևոր են անոնք, և նկարագրեցեք խիստ մանրամասն՝ ոչ մեկ երևույթ անպետք չի համարելով։

Չափազանց ուրախ եմ, որ Դուք ալ ունիք ազնիվ հետաքրքրություն նախնյաց հիշատակարաններու ուսումնասիրության․ որչա՞փ բաղդավոր կըլլար հայ գրականությունը, եթե Ձեզ նման հետաքրքրվողներ շատ գտնվեին։ Հնագիտության համար մեր գրականությունը բոլորովին անապատ կներկայացնե։

Լավ կըլլար, որ յուրաքանչյուր տեղերու չափերը նշանակած ըլլայիք հատակագծին վրա, որով ես այստեղ հնարավորություն կունենայի ամենայն ճշմարտությամբ վերականգնելու։ Այս խոսքը ըսելու համարձակեցա անոր համար, որ Դուք դիմեր էիք իմ խորհուրդին և աջակցության, քանի մը օր հետո ես անձամբ կշինեմ օրինակ մր չափագրության համար և կգրեմ Ձեզ, որպեսզի նույն ձևով տանիք Ձեր այսուհետև չափագրությունները։ Իսկ չափագրության ինչ գրքի համար առայժմ Ձեզ կհանձնարարեմ Կուռ ռասիոնել, գը դեսեն, փառ Լ․ Հանռիեթ, Փառի Լիպ հաշեթթ 79 Պլտ․ սեն Ժեռմեն4.