Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

103. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1912, 19 հունվարի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ Տեր,

Խորին շնորհակալությամբ ստացա արտոնաթուղթս1, առ առավելն մեկ ամիսեն կձեռնարկեմ ուղևորության, եթե եղանակները ավելի չի խստանան, ես վաղուց պատրաստ էի մեկնելու, դժբախտաբար թուղթս ստանալես երեք օր հետո ձյունը ծածկեց ամեն կողմ։ Բայց կհուսամ, որ շուտով բացվի եղանակը, և շատ ուրախ պիտի լինիմ, եթե հաջողվի ինձ ծառայել Ձեզ նորանոր տեղեկություններ հաղորդելով ուղևորությանս շրջանին:

Ընդունեցեք խորին հարգանացս հավաստիքը

Ձեր ծառա Թ. Թորամանյան


104. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

1912, 13 փետրվարի
Ալեքսանդրապոլ

Մեծ. պ. Ա. Չոպանյան,

Պարիզ

Խոր վիշտ պատճառեց ինծի վերջնականապես Ձեր ասպարեզեն հեռանալը1. որչափ ուրախացել էի, որ իմ տրամադրության տակ էր «Անահիտ»-ի2 նման լուրջ հանդես մը։ Այսպես են վարձատրվեր միշտ հայ մտքի մշակները, երկար տարիներ տառապել հանրային դաստիարակության համար, հետո ալ հուսահատ ասպարեզեն քաշվել։ Ցանկալի և քաղցր է ինձ հուսալ, որ դադարումը կարճ կըլլա և անակնկալ հաջողություն մը դարձյալ Ձեզ կտրամադրե վերստին մտնել Ձեր այնչափ սիրած ու փայփայած ասպարեզին մեջ։

Չի կրցա հասկնալ, թե այս վերջին թիվին մեջ հոդվածս3 տպվա՞ծ էր, թե ոչ. եթե չէր տպված, խնդրեմ բարեհաճեք զայն շուտով վերադարձնել ինձ, որպեսզի կարենամ շուտով օգտվել անկե:

Շատ կփափագիմ գիանալ, թե այսուհետև Փարիզ կմնա՞ք թե ոչ, ի՞նչ մշտնջենական հասցե կունենաք: Գոնե հնարավորություն ունենամ երբեմն Ձեր թանկագին առողջության մասին տեղեկություններ ունենալու։

Ի սրտե հարգանոք
Մնամ Ձեր Թ. Թորամանյան