Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

121. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1913, 6 դեկտեմբերի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ տեր,

Նախապես կփութամ խորին շնորհակալությունս հայտնել Ձեր ինձ ընձեռած դյուրության համար, որով կարողացա Ձեր երաշխավորության տակ կատարել մեկ ամսվան շատ հաճելի մի ճանապարհորդություն Արագած լերան շուրջը։ Թեև այս մեկ ամիսը շատ կարճ էր իմ նպատակիս լիակատար իրագործման համար, սակայն գեթ կարողացա այժմեն որոշ ծրագիրս կազմել հառաջիկա տարվան ամբողջ ամառնային ուղևորությանս համար։

Նկատելով որ Ձեզ արդեն ծանոթ են մեծ մասամբ Արագածի շրջանները, և գուցե այնքան ալ հետաքրքրական չի լինին իմ տված տեղեկություններս, այնուամենայնիվ երբեմն պատահեցա այնպիսի նյութերու, որոնք իմ կարծիքով հազիվ թե ավելորդ լինին Ձեզ ծանոթացնելս։ Ուստի անգամ մը ևս կխնդրեմ Ձեր ներողամտությունը եթե երբեք ավելորդ ձանձրույթ կպատճառեմ Ձեզ։

Հուլիսի 20-րդ օրն էր ճանապարհվեցա դեպի Հառիճ, այնտեղեն սկսելու համար Արագածի շրջանը։ Ճանապարհին, Հառիճի 7—8 վերստ մնալով մտա Մաջիտլու ըսված գյուղը, որտեղ կար մի հին եկեղեցի։ Այս եկեղեցին թեև բոլորովին նախնական վիճակին մեջ չէ մնացած, արևմտյան կողմեն քանդված և հավելվածներ են ըրած, սակայն ըստ ինքյան անփոփոխ մնացած մասերը ցույց կուտան թե այս եկեղեցին մինչև VII դարու վերջը պետք էր որ արդեն գոյություն ունեցած լիներ։ Ներքուստ և արտաքուստ խաչաձև է: Թիվ 1 լուսանկարը առնված է հյուսիս-արևելյան կողմեն։ Հյուսիսային պատի վրա շատ մը արձանագրություններ կան, որոնց առանձին առանձին լուսանկարելը խիստ շահեկան կլիներ, բայց դժբախտաբար ես հնար չունեի երկար մնալու, առայժմ բավականացա լուսանկարելով արձանագրություններու ամբողջական խումբը՝ թիվ 2 լուսանկար։ Թիվ 3 լուսանկարը այդ արձանագրություններեն մեկն է աոանձին թելեօպժեքթիֆով լուսանկարված։ Այս արձանագրությունը առանձնապես հետաքրքրական երևեցավ ինձ relief տառերով գրված ըլլալուն համար, որ ըստ իս, անսովոր է X—XI դարերուն։ Կհուսամ որ հառաջիկա տարի այս բոլոր արձանագրությունները առանձին առանձին լուսանկարելով Ձեզ ներկայացնելու հաճույքը կունենամ։