Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


4. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1905, 14 փետրվարի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ․ բրոֆեսեոր,

Երկար ժամանակ նամակիս անպատասխան մնալեն և իմ կարոտությունս ու տառապանքս ծայրահեղության հասած ըլլալեն հուսահատած՝ երեկ և այսօր սկսեր էի դիմումներ ընել ճանապարհածախսի մը համար վերջնականապես մեկնելու տեղես դեպի բնակավայրս1, երբ անակնկալ վրա հասավ Ձեր նամակը և յանհունս ուրախացուց զիս, ոչ թե ինձ համար եղած խոստման հավանականության համար, այլ Ձեր այս տարի անպատճառ Անի գալուն համար, վասնզի առանց Ձեզ և Ձեր հովանավորության, ես գրեթե անհնար կնկատեմ այնտեղ ապրել ու աշխատելս, ուստի եթե պատահեր, որ Դուք այս տարի չի գայիք, ես ամենայն սիրով այլևս պիտի մերժեի ինձ խոստացված 50 ռուբլին2 և պիտի մեկնեի։ Արդ, քանի որ անվրեպ պիտի վայելեմ Ձեր բարձր հովանավորությունը, ավելի կնախադասեմ քիչ մ՚ալ նեղվիլ և սկսած մեծ գործս ամբողջացնել3, որովհետև, եթե երթայի ալ, շատ սրտաբեկ պիտի մնայի թերի մնացած ըլլալուն։ Արդ, ներկայիվս դարձյալ Ձեր բարձր ներողամտությունը խնդրելով կհամարձակիմ խնդրել, որ վճռական միջոց մը ձեռք առնեք ներկա անտանելի դրությունս քիչ մը մեղմացնելու և կանոնավորելու։ Տանս տակավին ոչինչ չեմ վճարած, պարտքերս շատացած, առօրյա գործիս համար անհրաժեշտ պիտույքներես զրկված եմ։ Բայց հակառակ այս ամեն նեղությանցս, հառաջիկային մոտ 20 հատի չափ մաքուր աշխատություններ Ձեզ ներկայացնելու անխառն ուրախությունը պիտի վայելեմ, երբ հանդիպինք միմյանց։ Շատ փափագելի է ինձ և միանգամայն կարևոր գիտնալ, թե ո՞ր ամսուն հավանական է, որ լինիք Անի։ Կխնդրեմ շնորհ բերել այս բանը ինձ իմացնելու, որով մնամ Ձեզ հավետ շնորհապարտ Ձերդ խոնարհ ծառա՝

Թ. Հ. Թորամանյան