Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խաչաձև է այս եկեղեցին, տարօրինակ կերպով անսովոր է արտաքուստ գմբեթին կտուրներու հետ ունեցած պատշաճությունը։ Գմբեթին անմիջապես ներքևը, կտուրներուն կից չորս անկյուններու վրա ունի չորս կամարակապ ծածքով սենյակի նման տեղեր ինչպես կտեսնվի թիվ 31 լուսանկարի վրա, այս սենյակներեն մեկուն մեջ անցք մը կա ցած իջնելու։ Ինչ բանի ծառայեր են այս սենյակները և ինչ էր այն անցքը հայտնի չէ: Գմբեթը հանգչած է trompe-ներուն վրա, ութանկյունի թմբուկին վրա ունի չորս պատուհան և յուրաքանչյուր երկու պատուհանի միջև կա կիսաբոլոր գմբեթարթ վերջավորությամբ niche եր նման հռոմեական նիշերու։ Մտից դուռը արևմտյան կողմեն է։ Սակայն այժմ ծածկված է, որովհետև գյուղացիք այս եկեղեցիին արևմտյան ճակատին կից շիներ են մի նոր եկեղեցի, որով հին եկեղեցվո դուռը մնացեր է նոր եկեղեցվո abside-ին մեջ և ծածկվեր է սեղանին ետևը։ Այս նոր շինությունով նաև ծածկվեր է հին եկեղեցվո դրան վրա մի գեղեցկաքանդակ քար։ Շատ դժվարությամբ արվեստական լույսով հազիվ կարողացա լուսանկարել այս բարձրաքանդակը՝ թիվ 32 լուսանկար։

Մահմուտճուգի հարավ-արևելյան կողմի վանքը ըստ արձանագրությանց ի հնումն կոչվեր է Մակարավանք։ Թիվ 33, 34 լուսանկարներ առնված են հարավ-արևմուտքեն (թիվ 33) և հարավ-արևելքեն (թիվ 34): Ինչպես կերևի իր ոճեն, այս եկեղեցին կանգնված է X դարուն։ Ներսի կողմը սեղանին աջ որմասյան վրա կա մի շատ եղծված արձանագրություն ՆԾ թվականին։ Արձանագրությունը կվերաբերի կարծյոք մի նվիրատվության ինչ որ անբախտ Դավիթի կողմանե։ Տեղվույն անհարմարությունը միանգամայն արգելք էր այս արձանագրության փոքր ի շատե նպատակահարմար կերպով լուսանկարվելուն, ինչպես պիտի տեսնեք թիվ 35 լուսանկարի վրա։ Դրսի կողմեն արևելյան պատի վրա կա մի կիսատ արձանագրություն (թիվ 36 լուսանկար), որուն թերի ընթերցումեն կհասկցվի, որ վանքի շինության արձանագրությունն էր եղած, անհայտացած մասը իզուր փնտրեցի ամեն կողմ։ Թիվ 37 լուսանկարը արևմտյան դրան վրայի անթվական արձանագրությունն է։ Արևմտյան դրան կից ունեցեր է կամարակապ գավիթ, իսկ այժմ հյուսիսային պատի մեկ մասը միայն մնացեր է։

Մահմուտճուգ գյուղի հարավ-արևմտյան կողմի վանքը (թիվ 38, 39 լուսանկար), որոշ անուն չունի, և վրան հետաքրքրական ոչինչ չունի, բացի քանի մը բնորոշ moulure-ներե, որոնք զինքը կբերեն մինչև XIII դար։ Այս եկեղեցվո մոտ մի ուրիշ փլատակ կա,