Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

131. ՀԱԿՈԲ ՏԵՐ-ՀԱՐՈԻԹՅՈԻՆՅԱՆԻՆ

1914, 13 հոկտեմբերի
Թալին

Ազնիվ բարեկամ, Ձեր հոկտեմբեր 2 թվական նամակը այստեղ ստացա։ Սեպտեմբերի 30-ին ճանապարհորդություն1 սկսեցի և այն օրեն ի վեր շրջում եմ իմ սիրած ու պաշտած ավերակները։ Պիտի զարմանաք, թե ինչպես եղավ, որ հաջողեց ինձ այս ճանապարհորդությունը։ Ես նման եմ այն գինեմոլին, որ բոլոր յուր կայքն ու կարողությունը վատնելեն հետո, իր սիրած ու գերի եղած բաժակին համար նաև կվատնե պատիվն ու կյանքը։ Սիրտս մղկտում էր, քանի տեսնում էի լավագույն օրերը և ես անգործ նստած։ Վերջին ճիգ մը արի՝ փոխառության դիմեցի, հին ծանրություն պարտքերուս վրա ավելացնելով նաև նորը, իմ ազնիվ բարեկամ պ. Կարանյանցներ հանձն առին փոխ տալ ինձ 30— 40 օրվան բավականանալու չափ մի գումար, ուստի երևի կշարունակեմ մինչև նոյ<եմբերի> 10 —15. այնուհետև կը դառնամ քաղաք։

Ի բոլոր սրտե կցանկայի Ձեզ և Ձեր ձեռնարկին2 օգտակար լինել, անշուշտ Դուք ալ կարդարացնեք զիս, որ այժմ չընդհատեմ սկսած ճանապարհորդությունս։ Ինչ կվերաբերի իսկական նպատակին, ես չեմ կարծում, որ օգտակար լինիմ այդ նպատակին, վասնզի իմ մասնագիտութենես հեռու և ինքս բոլորովին անփորձ եմ. խմբագրական գործը պահանջում է լուրջ հմտություն հասարակական գործերու, և որոշ փորձառություն։ Այս վիճակին մեջ չգիտեմ, թե ես ինչ կերպով կարող եմ օգտակար լինել Ձեր ձեռնարկած խիստ փափուկ և պատասխանատու գործին մեջ։ Առառավելն կարող եմ աշխատակցել պարբերաբար՝ իմ մասնագիտության վերաբերյալ հոդվածներով։ Սրանով չեմ ուզում ասել, թե ընդմիշտ հրաժարվում եմ, քավ լիցի, եթե ոևէ կերպով Դուք համոզված եք, որ ես կարող եմ Ձեզ օգտակար լինել, իմ կարողության չափով ես պատրաստ եմ բոլոր սրտովս նվիրվել Ձեր նպատակին։ Առայժմ, քանի որ ես չեմ կարող ընդհատել ճանապարհորդություն, Դուք տարեք Ձեր գործը հառաջ, կարողություն և լիակատար հաջողություն եմ մաղթում, իսկ ես երբ կվերադառնամ քաղաք՝ Ձեզ լուր կուտամ։ Եթե այն ժամանակ կարիք կզգաք իմ ներկայության, գրեցեք, կուգամ Թիֆլիս՝ կտեսնվինք անձամբ։ Եթե նամակ գրեք, մի քիչ ուշ, բայց կհասնի ձեռքս։

Մնամ հարգանոք՝ Ձեր}
Թ. Թորամանյան