Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

132. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

1915, 15 փետրվարի
Ալեքսանդրապոլ

Ազնիվ բարեկամ պ. Գ. Լևոնյան,

Տփխիս

Հուսահատ վշտակիրներու ամենամեծ մխիթարությունն է գեթ պահ մը համոզվել, թե իր վրա մտածողներ ունի։ Չեք կարող երևակայել գուցե, թե ի՞նչ սփոփարար տպավորություն թողեց սրտիս Ձեր խանդաղատալից նամակը այս օրերուս մեջ, երբ վերջնականապես համոզված էի, թե բոլոր աշխարհ զիս մոռցած՝ իմ սև ճակատագրի հետ առանձին մնալու դատապարտված եմ։

Թեև նոր չէ ինձ համար այս լքուն վիճակը, <այն> ունի իր բավական հեռու անցյալը, սակայն այս վերջին համաշխարհային փոթորիկը1 բոլորովին անթափանցելի սև խավարով ծածկեց համակ էությունս։ Եվ այս խորասուզված մութ անդունդիս մեջ կորուսած ամեն տեսակ եռանդ ու ձեռներեցություն, մի տեսակ ապշության դատապարտված եմ։

Անկասկած ոչ ոքի չեմ մեղադրում, շատ բնական էր, որ համայն աշխարհի սուգ ու շիվանի դառնակսկիծ աղաղակներուն մեջ հեշտությամբ պիտի խեղդվեին իմ տկար հառաչներս, և ի՞նչ իրավանք ունիմ ուրիշներե տարբեր ճակատագրի սպասելու։

Ճիշտ է, որ երբեմն մտածեր եմ անհոգության տալ և ինքզինքս դուրս նետել թախծալի դրութենես և մահասարսուռ առանձնութենես, սակայն, դժբախտաբար չէ հաջողված ինձ. ամեն տեղ ցավերս ինձմե անբաժան են։ Ամբողջ օրեր լուռ մենարանիս մեջ փակվելեն հետո․ երբ գեթ մեկ երկու ժամով դուրս ելեր եմ արտաքին աշխարհի հետ շփվելու համար, այդ կարճ ժամերը զիս դարերու չափ տագնապեցուցեր են, և շտապեր եմ մենարանս՝ տրամագծապես զիրար հակասող խոհերուս ու խորհրդածություններուս մեջ