Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

142. <ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔ-ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻՆ>

Հայաստանի հանրապետության լուսավորության նախարարին

1919, 2 մարտի
Տփխիս

Մեծ<ահարգ> պ. Նախարար

Տասնյակ դարեր անընդհատ արյուն ավերի և բարբարոսական քմահաճույքի ենթարկված Հայաստանի վերաշինության մեծ գործը այնքան դժվարին և բազմակողմանի է, որ ամեն մի հայի նվիրական պարտականությունն է իր կարողության չափով օժանդակել այս շինարարական ծանր աշխատության, որուն իբրև ղեկավար կոչված եք ազգի կողմանե։

Հետևելով քաղաքակիրթ մեծ ազգերու օրինակին, ազգային վերաշինության անհետաձգելի մասերեն մեկն է հայ պատմության և հայ անցյալ քաղաքակրթության ճշգրիտ պատկերի վերակազմությունը, որուն կպարտինք մեծ մասամբ ներկա ազատության արշալույսը և պարտավոր ենք փոխանցել հավիտենական ապագային ի փառս մեր մեծ անցյալի և հօգուտ ապագա սերունդի։

Միանգամայն հեռու ամեն տեսակ անձնական ակնկալություններե, իբրև ջերմ երկրպագու հայագիտական ամեն տեսակ աշխատության, մասնավորապես հայ հնագիտական մի ճյուղին— հին հայոց ճարտարապետության ուսումնասիրության, իբրև բազմավաստակ մշակ, համարձակվում եմ դիմել Ձեզ՝ իմ բոլոր ֆիզիկական ու բարոյական կարողություններս Ձեր տրամադրության տակ դնելու համար, որպես մասնակի օժանդակություն անհունապես կարևոր այդ ճյուղի կազմակերպության համար։