Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայ իրականության մեջ պակաս չեն կարող մասնագետներ, որոնց հավաքական գործակցությունով կարելի է հեշտությամբ ձեռնարկել գործի և բուռն թափով աշխատել թե՛ անցյալ անտարբերության թողած բացը ծածկելու և թե ներկայիս բեղմնավոր արդյունք արտադրելու՝ նախարարությանդ լուսամիտ ղեկավարության շնորհիվ։

Արդ, եթե առաջարկությանս նպատակը Ձեր կողմանե ընդունելություն կգտնե և ձեռնարկությունը անհետաձգելի կհամարվի, այն ժամանակ թույլ տվեք ինձ պաշտոնապես խնդրել, որ նախարարությունդ լիազորե զիս փութով կազմակերպել կարող անձնավորություններե մի մասնախումբ՝ իմ կողմանե առաջարկված մի նախնական ծրագրով, որուն գործունեության արդյունքը պիտի լինի հառաջիկային կազմվելիք պետական հնագիտական մասնաժողովի ընդարձակ ծրագրի և օրենսդրական աշխատանքներու խարիսխը։

Նախքան պետական հնագիտական մասնաժողով կազմվելը, լուսավորության նախարարության անհրաժեշտ է լրջորեն ծանոթանալ, թե ի՞նչ չափով կամ ի՞նչ քանակությամբ հնագիտական հարստություն ունենք այսօրվան մեր հանրապետության սահմանին մեջ, որպեսզի ըստ այնմ մշակե պետական հնագիտական մասնաժողովի ծրագիրն ու օրենքները։ Ուստի իմ առաջարկածս մասնաժողովի գործը կլինի՝ կարճ ժամանակի մեջ մի վիճակագրություն կազմել՝ բովանդակ մեր երկրին մեջ գտնված հնագիտական և գեղարվեստական հիշատակարաններու։

Վիճակագրող մասնախումբը պիտի կազմվի հետևյալ անդամներե․

  1. Մի հնագետ ճարտարապետ,
  2. Մի հնագետ նկարիչ,
  3. Մի պատմագետ կամ հմուտ հայագիտական բանասեր,
  4. Մի լուսանկարիչ,
  5. Մի օգնական չափագրող,
  6. Երկու կամ երեք ծառայողներ մասնախումբ<ի> պետքերու համար։

Մասնախումբի գործունեության ծրագիրը պիտի լինի հետևյալը։

  1. Յուրաքանչյուր քաղաքի, գյուղի կամ ոևէ մի ամայի տեղի վրա իր պատահած հիշատակարանը նկարագրել ընդհանուր գծերով, աշխատել պարզել այդ հիշատակարաններու շինության ժամանակը, շինողներու անունները և հայ հնագիտության կամ գեղարվեստի