երեք օպժեքտիվներս էլ մնացել են, բայց խիստ վնասված։ Չի գիտեմ ինչպես պիտի կրնամ նորոգել տալ, իսկ մյուս մասերը պետք է միանգամայն նորերը գնել։
Տնտեսական կացություննիս սաստիկ վատ է. Ձեզ հայտնի է, որ 600 ռ<ուբլի> փողով ճանապարհ ինկա. մինչև տուն բռնելս ու տեղավորվելս 300 ռուբլին արդեն գնաց։ Խնայողությունը ինչ օգուտ կուտար, երբ տասը ռուբլուց պակաս չէ հացը, իսկ մյուս մթերքներ նույն համեմատությամբ, և չեն էլ ճարվում։ Ճշմարիտ ճգնաժամի մեջ ենք, ոչ մի տեղից հույս ու ճար չունինք, հետամտում եմ մի պաշտոնի՝ այն էլ անհուսալի։ Ձեռնարկեցի Անիի հսկողության իրավունքը ձեռք բերել, այդ պատճառով էլ մինչև Կարս գնացի նահանգապետին իրավունք և միջոցներ ստանալու, գրեթե անօգուտ անցավ։ Այս դիմումներիս գլխավոր պատճառ եղավ Անիից ստացված տխուր լուրերը։ Թուրքեր ու քուրդեր ամբողջովին քանդեր են բոլոր շինությունները, ոչ տանիք մնացած է, ոչ առաստաղ և ոչ հատակ, փայտեղեն և ապակեղեն ամեն ինչ տարել են, այժմ էլ սկսել են քարերը քանդել, և հետաքրքրականը այն է, որ թուրքերը ապավինած օսմանցիներու վերադարձին, նույնիսկ մարդու չեն թողնում Անիի պարիսպներից ներս մտնելու․ ասում են եղեր, որ այս ամենը միմիայն մեզ է պատկանում։ Կարսից վերադառնալով՝ այստեղ զեկուցեցի քաղաքագլխին, քաղաքագլուխը ստիպված եղավ լուսավորության նախարարին հեռագրել, թե ինչ հետևանք կունենա՝ աստված գիտե։ Մեր գիտնականները թող այդտեղ նստած ժողովներ անեն անվերջ և զգայուն ճառեր խոսին, այստեղ քուրդն ու թուրքը իրենց գործը հանդարտ հառաջ տանին։ Դեռ շատ բան կար գրելու, սակայն ոչ մի տրամադրություն չունիմ, կթողում հաջորդ անգամի, միայն կխնդրեմ, որ միջոցներ պատահած ժամանակ ջանք գործ դնեք այս գործի հաջողության համար։
144. ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ
Ալեքսանդրապոլ
Մեծարգո պ. Ստեփան Լիսիցյան,
Ազնիվ բարեկամ, Երևի մի քիչ ուշ մնացի՝ Ձեզ տեղեկություն տալու համար մեր այստեղի կացության մասին. պատճառը նամակս ղրկելու համար