Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

147. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

1919, 28 հուլիսի
Ալեքսանդրապոլ

Մեծարգո և ազնիվ բարեկամ պ. Ա. Չոպանյան

Փարիզ

Ձեր վերջին նամակը, որով կհրավիրեք «Վերածնունդին»՝1 աշխատակցելու, ստացեր էի երկարատև, տաժանելի հիվանդութենե նոր ազատված ժամանակս, այնուամենայնիվ, սիրով պատրաստ էի իմ լուման ալ ձգել Ձեր, հայրենիքի փրկության, մեծ և տաժանելի գործին ի նպաստ:

Սակայն, այն օրերեն սկսյալ մինչև այսօր, թե ի՞նչ սարսափներու, աղետներու, և թշվառություններու հրդեհին մեջ կխորասուզվինք, գրել ու նկարագրել անհնար է: Ամեն բան կորսնցուցինք2, մնաց միայն հրաշքով ազատված չոր գոյություննիս, այն ալ դարձյալ հրաշք կըլլա, եթե մինչև մեր ակնկալած խաղաղության օրերուն կարենանք պահել։

Մասնավորապես իմ մասին ի՞նչ գրեմ, ոչ սիրտ ունիմ այլևս և ոչ ալ կարողություն: Եթե հետաքրքրվիք, Ձեզ շատ բան կպատմե այս վերջին իմ անցուցած դժբախտ կյանքես՝ նամակս բերող պ. Մեսրոպ Մարանջյան անուն պատվական հայ երիտասարդը: Հայրենիքի փրկության կյանքովը նվիրված, անտրտունջ կտառապի մինչև այսօր, վերստին պատրաստ է նվիրվել, եթե Փարիզը կարողանա յուր նախկին առողջությունը վերականգնել, իր ազնիվ բնավորությունը այստեղ բարեկամներ տվեր է իրեն, վստահ եմ, որ Ձեզ ներկայանալուն՝ Դուք ևս կլինիք անոր հազվագյուտ բարեկամներեն մեկը։ Ես կհավաստեմ իմ կողմանե, որ ամեն կերպով արժանի է Ձեր բարոյական աջակցության և հովանավորության:

Ճիշտ է, որ մենք այստեղ մեծամեծ աղետներու ենք ենթարկված և օր օրի կհյուծվինք, բայց ինձ հայտնի է, որ Ձեր ցավերը ավելի շատ են, որովհետև մեր ամենուս ցավը դարմանելու ազնիվ հոգը կամավորապես ստանձնած՝ կտառապիք գիշեր ցերեկ. ինչ կարող եմ ընել ես, բացի սրտաբուխ բարեմաղթություններե, որ ունենաք առողջություն և հաջողություն այդ տաժանելի գործը մինչև վերջը տանելու և մեր որբացած հայ ժողովրդի արտասուքը սրբելու։

Մնամ խորին հարգանոք՝
Թ. Թորամանյան