Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Իմ ալյուրի բաժինը շնորհակալությամբ կվերցնեմ, սակայն վախենում եմ, որ պ. Զավրիևի տված 1500 ռուբլիի գործը դառնա և պարտքը մնա վիզս, խնդրում եմ, որ աշխատիք շուտով հանել զիս այս անորոշ դրությունից։

Քանի որ առայժմ Գասպարը այնտեղ չէ, ուրեմն կմնա բացի ինձնից ալյուր ստացող միայն Եսային, ուրեմն իմ և Եսայիի բաժին 4 փ<ութ> 5 գր<վանքա> ալյուրը զեղջելով՝ 9 փ<ութ> 15 գր<վանքա> ալյուրից կմնա Եսայիի մոտ 5 փ<ութ> 10 գր<վանքա> ալյուրի պահեստ, որուն համար պատվիրել եմ արդեն ոչ ոքի չի տալ, մինչև որ ինձնից չստանա նոր կարգադրություն։ Իհարկե Դուք ալ շուտով կհայտնեք այս մասին, որովհետև ստացված քանակը բավական չէ մի ամիս ապրեցնելու։

Եսային չափազանց խնդրում է, որ շտապեցնեք իրեն զինվորական ծառայութենե ազատ լինելու վկայականը, որովհետև Երևանից վերադարձին երկաթուղու վրա իբրև դասալիք ձերբակալել և բերել էին քաղաք, մի օր բանտարկելուց հետո միայն, 40 տարեկանի հասած լինելու հիման վրա, բաց թողեր էին։

Ուստի Եսայիի վկայականը գրել կտաք 40 տարեկան, ազգանունը Ամիրյան։ Նաև անհրաժեշտ է հրացանի գործը կարգադրել. անկարելի է այնտեղ առանց հրացանի պահապան թողնել։ Երեկ մարդ եկավ Անիից ինձ ծանոթ, պատմում է, որ թուրքերը միևնույն դիրքն են բռնում Անիի նկատմամբ, օսմանլըի վերադարձի գաղափարով հափշտակված՝ չեն ուզում ոչ մի իշխանություն ճանչնալ և Անին համարում են իրենց սեփականությունը։ Այս տարի նույնպես ցանել են բացի Անիի սեփական հողերից, նաև Համեի բոլոր հողերը, որը զուտ պետական է։

Անհետաձգելի է իմ Զվարթնոց գնալս. սակայն նյութական տագնապը խեղդել է զիս. երկու ամիսը կմոտենա, Թիֆլիզի հետ վատ հարաբերության պատճառով փող չեմ ստացած. տնից բան ծախելով մի կերպ քարշ ենք գալիս. հացի գինը բարձրացել է 17 ռ. միսը՝ 22. մոլորված մնացել եմ, եթե օրերս կհաջողվի Թիֆլիզից փող ստանալ անմիջապես պիտի գամ Երևան և անտի Զվարթնոց՝ թերի մնացած գործերս աշխատելու։

<Թ. Թորամանյան>