Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


155. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

1921, 26 հուլիսի
Ալեքսանդրապոլ

Ազնիվ բարեկամ պ. Գ. Լևոնյան,

Ձեր մի նամակը և մի տոմսակը ստացել եմ Երևանում, սակայն ոչ մի հնարավորություն չեմ գտել մի պատասխան Ձեզ հասցնել։ Այժմ հազիվ առիթը ներկայացավ, որ գրեմ Ձեզ. այս նամակս ալ բերողի բարեխղճությունից է կախված մինչև Ձեր ձեռքը հասցնելը:

Իմ մասին ոչինչ մխիթարական բան չունիմ գրելու․ տանջանքն ու տառապանքը իմ անջնջելի ճակատագիրն է եղած։ Վերջին թուրքական արշավանքը մեծ ավերում գործեց իմ տնտեսական և ֆիզիկական դրությանս վրա1:

Մայիսի 6-ն էր, եկա Երևանից այստեղ: Հազիվ 3—4 օրվան եկած՝ սաստիկ թոքատապով ինկա անկողին, պառկած էի մինչև գրեթե երկու ամիս: Այժմ էլ կազդուրված չեմ, վերին աստիճան թույլ եմ և հնար էլ չեմ գտնում լավ ապաքինվելու։ Անվանական կերպով որպես թե պաշտոններ2 ունիմ, սակայն ֆիզիկական և տնտեսական վատ դրությունս միշտ արգելք է աշխատանք կատարելու։ Ռոճիկ էլ ստացած չունեմ երեք ամիսե ի վեր, հետևաբար Ձեզ համար պարզ կլինի իմ կացությունը ամբողջ ընտանյոք:

Պարտավորված եմ օգոստոսի վերջերին փոխադրվել3 Էջմիածին՝ Կուլտուր-պատմական ինստիտուտում4 աշխատելու համար, թեև սրտովս չէ, բայց ակամա պիտի գնամ ընտանիքովս՝ հույս ունենալով, որ թերևս մի քիչ ավելի հնարավորություն գտնեմ սովամահության դեմ կռվելու։ Բնականաբար բնակածս տունն էլ պիտի թողեմ, և գույքերես՝ ինչ որ չէ ծախված ապրելու համար, կամ անհրաժեշտ է միասին տանել, պիտի տանենք։ Այժմ խնդրում եմ Ձեզնից, որ շուտով իմացնեք ինձ, թե ինչպե՞ս վարվեմ Ձեր իրեղենների հետ կամ ո՞ւմ հանձնեմ այստեղ: Բացի յափունջիից, որ թուրքական քմահաճույքի զոհ եղած է, իհարկե մանրամասնությունը հետո կիմանաք, մյուս բոլոր իրեղեններդ անվնաս մնում են, միայն սպասում եմ Ձեր կարգադրության:

Շատ մեծ ցանկություն ունեի անգամ մը Տփխիս գալ, բայց չի հաջողվեց, արդյոք Դուք մտադիր չե՞ք մի անգամ այս կողմերը անցնելու: