Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և դրսի բեկորների դասավորման և հարմարավոր տեղեր զետեղելու աշխատությունը։

4. Պաշտոնապես կարգադրել Զվարթնոցի շուրջ<ը> տնտեսական և արդյունաբերական հողի վրա, աշխատողներին, առանց թույլտվության և պահապանների ընկերակցության, չի մտնել ավերակների մեջ ժամանցի կամ զբոսանքի համար:

Սահմանափակելով առայժմ Զվարթնոցի մասին իմ նախնական հակիրճ զեկուցումս, կանցնեմ ուրիշ նյութերի:

Զվարթնոց այցելությանս հետևյալ օրը (ապրիլի 9-ին) Ղզնավուզ6 գյուղի մոտ բացված նախաքրիստոնեական շրջանի գերեզմանները տեսնելու և դուրս եկած իրեղենները ձեռք բերելու համար հետիոտն ուղևորվեցի այն կողմը՝ հետս առնելով մի վարձված առաջնորդ: Նախապես գնացի Աղջաղալա7 գյուղը՝ տեսնելու համար այն բերդի մնացորդը, որը, ըստ Ալիշանի (տե՛ս «Այրարատ»8, էջ 202, պատկ. 77) 1647-ին (նոյ. 10) տեսել, ձևը գծագրել է փռանկ ճանապարհորդ Պուլեյ-Լըկուզ:

Թեև Ալիշանի «Այրարատում» հիշատակված բերդի նմանող մի բան չի գտա, գյուղի ծերերն անգամ չեն հիշում այդպիսի մի շենք, սակայն ցույց տվին ինձ մի ուրիշ մնացորդ, որ ոչ նվազ հետաքրքրական <է> և՛ հետազոտության և՛ ուսումնասիրության համար: Գյուղի հյուսիսային կողմը, գրեթե գյուղին կից, մի հարթավայրի վրա, կան չորս հատ մեծ և փոքր սրբատաշ քարերով ու կրաշաղախով շինված բոլորովին բոլորակ շենքերու մնացորդ հիմեր, որոնց երկուքին տրամագիծը մոտավորապես 10 մեթր են, երրորդին տրամագիծը գրեթե 21 մեթր, իսկ չորրորդինը՝ մոտավորապես 75 մեթր, պատերի հաստությունները ավելի քան 2 մեթր: Բոլորակները երևվում են մոտավորապես այս դիրքով, օ Օ հազիվ հեռու են միմյանցից 25—30 քայլ, թե ինչ կապ ունին օ Օ իրար հետ հայտնի չէ, միայն գյուղացիք պատմում են, որ այդ բոլորակների միջից, մասնավորապես մեծ բոլորակի միջից, շատ են գտնվել հին հեթանոսական շրջանի խեցեղեն մեծ ու փոքր ամաններ, ինչպես նաև այս գյուղի ուրիշ կողմերում գտնված են եղել մարդաչափ մեծությամբ կարասներ, տարակույս չկա, որ նախաքրիստոնեական շրջանի կպատկանին այս մնացորդները և արժանի են լուրջ հետազոտության: Թողելով ուրիշ օրվան ավելի մանրամասն քննությունը, ուղևորվեցի դեպի Ղզնավուղ բացված գերեզմանները տեսնելու և հանված առարկաները ստանալու։