Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստացել է թանգարանը Բադալ Սարգսյանից, որը հաստատված է Էջմիածնի Գավ<առի> միլիցիապետի օգնականի և վախմիստրի ստորագրությամբ, ստացա լրիվ, միայն մի քառակուսի խնկաման կար կոտրած։

Պետք է գիտենալ, որ ցուցակը կազմված է բոլորովին անհամապատասխան հնագիտական օրենքների, այնպես որ մնում էր ինձ առանց առարկության ընդունել եղած վիճակին մեջ: Թե ինչե՞ր կային 1923 թ. մարտի 24-ից առաջ, ինչ պակասներ կարող էին լինել, փնտրել և քննել անօգուտ էր: Լուսժողկոմատի պահանջի համաձայն, պիտի պատրաստեմ երեք օրինակ նույն ցուցակից և ուղարկեմ ի հաստատություն: Սակայն պետք է մտածել նոր և կանոնավոր ցուցակ պատրաստելու մասին: Երևի մեր հառաջիկա ժողովին խոսելիք կարևոր հարցերից մեկը կլինի:

Այսօր հնությունների մի կարևոր մասը տեղափոխեցի ցած. անցյալ տարվան որբերուն բնակած տեղերը, որպես պահեստ: Իսկ մնացածները փոխադրելու համար անհրաժեշտ են 4-5 հատ միջակ մեծությամբ արկղներ, որպեսզի լեցնենք մեջը և մնան մինչև որ կջոկենք կարևորները անկարևորներեն և կցուցակագրենք կանոնավոր թվահամարներով՝ հառաջիկային մեր ունենալիք նոր թանգարանին մեջ զետեղելու համար: Ուստի խնդրում եմ, որ Բադալի հետ ուղարկեք սնդուկներ և մի հատ էլ կողպեք, որ դուռը փակենք: Արկղների մեծության չափը Բադալը ինքը կտա Ձեզ՝ մոտավորապես իմ ցուցումիս համաձայն:

Աղջաղալա, Ղզնավուղ և մոտակա գյուղերը գնալու միջոցների մասին դեռ ոչինչ չի հայտնեցիք։ Եթե կարելի է Բադալի հետ ուղարկեցեք 18 ռուբլուց ոչ պակաս 10-12 օրվա ծախսերի համար: Գոնե մինչև մեր նախագահի2 վերադարձը պատրաստած ունենանք այդ կարևոր աշխատանքը:

Ծատուրի վկայականը դեռ մնում է իբրև անդապահի, այդ արդարացի պատճառով վախենում է ինձ ենթարկվել, ուստի կարգադրեցեք այդ գործն էլ, որ ես աշխատանք կատարելիս չի նեղվիմ:

Ուրիշ մի քանի կարևոր գործերու մասին, որոնք պիտի հնարավորություն տան լրջորեն զբաղվելու Զվարթնոցում, կգրեմ հառաջիկային մի տեղեկագիր։

Հարգանքներով՝
Ձեր Թ. Թորամանյան