Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

158. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

1924, 29 ապրիլի
Էջմիածին

Մեծարգո ընկ. Աշխարհբեկ Լոռու-Մելիք Քալանթարյան,

Ձեր 28/4—24 թ. գրությունը ստացա Բադալի ձեռքով։ Ցուցակի1 անբավարար լինելը ես ինքս էլ գրել եմ նախորդ գրությունովս, սակայն նույն ցուցակից ավելին այլևս չենք կարող ունենալ մինչև որ մենք ինքներս պատրաստենք։ Հ<այր> Խաչիկ ինքը, սկզբից ի վեր ցուցակ չէ ունեցել, ինստիտուտը2 ստացել է առանց ցուցակի և իրենց ձեռքում գտնված ժամանակ անդամները ցուցակ կազմելու մասին հոգս չեն քաշել։ Ինստիտուտից առնված ժամանակ նույնպես առանց ցուցակի պիտի լիներ հ<այր> Խաչիկի ասելով, եթե ինքը չի պահանջեր պաշտոնական ցուցակով ստանալ։ Իսկ ինչ կվերաբերի մեր նոր կազմելիք մանրամասն ցուցակին, հայր Խաչիկ խոստանում է մանրամասն տեղեկություններ տալ՝ քաղելով իր օրագրություններից և հիշողություններից։ Թեև չեմ կարծում, որ նրա օրագրությունները և հիշողությունները բավարար լինին մեր համար, որովհետև նա՝ բոլորովին պեղման անփորձ, չէ նշանակած և չափագրած այն զանազան շերտերը, որոնց ներքև գտնված են այս կամ այն առարկաները։ Հետևաբար մենք պիտի ղեկավարվինք մասամբ մեր հասկացողությամբ և դատողությամբ՝ յուրաքանչյուր առարկայի ժամանակի և ոճի մասին։ Գալով ճարտարապետական մասին, բոլոր բեկորների և մնացորդների յուրաքանչյուրին տեղը և դիրքը ըստ ամենայնի հայտնի է ինձ։

Ինձ համար պարզ չեղավ Ձեր ակնարկած տեղեկությունները եղած շենքերի մասին, նրանց թիվը, որպիսությունը և այլն և այլն: Ամենուս հայտնի է, որ նոր շինված շենքերի վերջին մնացորդն այժմյան թանգարան կոչվածը, որը արդեն կործանվելու վրա է, հետևապես ոչ մի շենք գոյություն չունի, պահակների բնակած տեղերը հնագիտական մասեր են, որոնք նույնպես արագ կերպով ոչնչանալու վրա են՝ նույնիսկ մարդկային բնակության հատկացված լինելու միակ պատճառով։ Հատակները հարթելու պատրվակով հողը քերվելով և մշտապես ավլվելով՝ socle-երու ներքևից հողը դատարկվում է, և սկսել են արդեն այն մեծածավալ քարերը ցած թափվիլ, որով արդեն կարգը գալիս է socle-երի վրա դրված հաստատուն պատերի քարերուն։ Չեմ հաշվում պատերի վրա գոյացած