Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


159. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

1924, 8 մայիսի
Էջմիածին

Մեծարգո ընկ. Աշխարհբեկ Լոռու-Մելիք Քալանթարյան,

Ձեր մայիս 3-ի գրության հետ ստացա երեսուն (30) ռ. կենսաթոշակս և առանձին տասն և ութ (18) ռ. հնագիտական կարճ ճանապարհորդությանս համար, իբրև ծախք։ Այս վերջինիս համար ուղարկում եմ առանձին ընկալագիր:

Ստիպված եմ վաղը դուրս գալ դեպի Աղջաղալա, Ղզնավուզ, Աղավնատուն1 ևն, ևն չափագրական աշխատանքների և մանրամասն հետազոտությունների համար առնվազն տասը օրով: Սնդուկները դեռ ստացված չլինելուն պատճառով առայժմ թողնում եմ թանգարանի2 մնացորդ իրեղենները փոխադրելը, պետք եղած հրահանգները տվել եմ Բադալին՝ զգուշությամբ պահպանելու համար մինչև վերադարձս: Վերադարձես անմիջապես հետո, երբ սնդուկներ հասած կլինին, մնացած մասերը ևս կփոխադրեմ ներքև: Բացի սնդուկներից արգելք կա նաև մեծ քարերը տեղափոխելու, որովհետև մինչև այսօր դեռ չի որոշվեց Ծատուրի իմ իրավասության տակ լինելու հարցը, մենակ Բադալը բավական չէ ամեն ինչ անելու համար, ուստի խնդրում եմ անպատճառ՝ մինչև վերադարձս, աշխատեցեք Ծատուրին վկայականը փոխել, որ լինի հնությունների բաժնին աշխատավոր։

Հույս ունիմ, որ մինչև այժմ ռոճիկի հարցը կարգադրված կլինի, որովհետև կարիքներս չափազանց են: Ուստի, եթե ստացած եք, հանձնեցեք գրությունս Ձեզ բերող ընկ. Ղազար Մխիթարյանին, որը խիստ վստահելի անձնավորություն է և կհասցնե ինձ: Իսկ եթե մի օրով ուշանալն էլ հարկ լինի, նա կմնա այդտեղ, որովհետև առանձնապես խնդրել եմ այդ մասին, Եթե ես դեռ դարձած չի լինիմ, նա կհանձնե տիկնոջս։

Ո՞ւր մնացին կանոնադրություն-շրջաբերական ևն, և, որ ավելին է, ֆոնդի հաստատությունը, եթե այսպես տևե, շատ դժվար կլինի աշխատել։

Վերադարձիս անմիջապես կտեղեկացնեմ Ձեզ. ըստ ամենայնի կարևոր է շուտով ժողով նշանակելնիդ. նախքան իմ երկար ճանապարհորդության3 ձեռնարկելը պետք է, որ Զվարթնոցի գործերը կարգադրված լինին: Հենց այս տեսակետից էլ մի խորհրդակցություն անհրաժեշտ է կատարել շուտով։

Թ. Թորամանյան