Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


այնուամենայնիվ ըստ ոմանց գտնված են այնտեղ մեծ ու փոքր խեցեղեն անվնաս մնացած ամաններ և այլ իրեր: Բադալի հետ Ձեզ ուղարկում եմ այնտեղից բերածս խեցեղեն բեկորներից նմուշներ՝ գաղափար կազմելու համար և մի շինված քար, որը հավանորեն իբրև գործիք ծառայել է: Ընդհանուր առմամբ բլուրը այն տպավորությունը տալիս է, որ շատ հին ժամանակ այնտեղ եղել է հողաշեն մի ընդարձակ բերդ և կամ պալատ՝ միանգամից կործանված, որուն հետևանքով մեծ մասամբ խեցեղեններ փշրված են դուրս գալիս։

Օրերս լուր ստացա, որ Աղավնատան մոտի բերդը1 քանդող մարդը, հակառակ իրեն եղած ազդարարության, շարունակում է գործը: Պաշտոնապես դիմեցի Գործկոմին (Վաղարշապատի) խնդրեցի, որ պատասխանատվության ենթարկեն այդ մարդուն, ինչպես նաև Հովհաննավանքի պարիսպի բուրգը քանդողին: Ջերմապես խոստացան անմիջական կարգադրություն անել. հետևում եմ արդյունքներին։

Տեղիս Գործկոմից ինձ հայտնեցին, որ Էջմիածնից 7—8 վերստ հեռու, Սեֆիապատ գյուղի դաշտում եղել է մի մատուռ, գյուղացիք դիմել են գործկոմին և թույլտվություն խնդրել, որ մատուռի սրբատաշ քարերը քանդեն և տանեն գյուղ՝ դպրոցի շինության համար: Գործկոմը հանձնարարում է ինձ գնալ և տեսնել ու զեկուցեք կարելիության կամ անկարելիության մասին: Եթե փոխադրական միջոց կտան, վաղը առավոտ կգնամ տեսնելու, հակառակ դեպքում շատ դժվար պիտի լինի ինձ համար գնալ, որովհետև սեփական միջոց չունիմ վարձովի փոխադրական միջոց գտնել, իսկ այս զարհուրելի շոգին ոտքով գնալ խիստ ծանր գործ է:

Անհամբեր սպասում եմ Ձեր փող ստացած լինելու լուրին. հ<այր> Խաչիկի հետ Ձեր ղրկած թղթին նայելով երեկ ստացած պետք է լինիք։ Եթե ստացած եք՝ գոնե ռոճիկներս ուղարկեք և կարգադրեցեք հավաքույթ ճանապարհորդական2 պատրաստությունների վրա խորհրդակցելու համար, տարին անցավ և մենք ոչինչ չենք արած տակավին մեր բուն նպատակին համար։

Շատ ուրախացա, որ Բունիաթյանը եկավ։ Տարագրոսին հայտնեցի, անշուշտ եկավ Ձեզ մոտ։ Խնդրեմ տեղեկություն տվեք նաև Ալ<եկսանդր> Իվանիչի մասին։

Հարգանքներով՝
Թ. Թորամանյան