Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անձինք հաստատում են, որ կենսաթոշակներ ոչ թե բոլորովին վերանում են, այլ թոշակավորների զտում է կատարվում, և հոկտեմբեր ամսից պիտի ստանան նրանք, որոնց համար վճռված է պահել իբրև թոշակավոր։ Երևի շուտով այս հարցը կպարզվի. այսպես լինելու դեպքում ես դարձյալ խնդրում եմ Ալ<եկսանդր> Իվանիչին, որ ինձ համար, ի նկատի ունենալով բարոյական նշանակությունը՝ ուշադրության առնե խնդիրս, որչափ որ կներեն իր բազմաթիվ տաժանելի աշխատանքները։

Բադալի ասելով, լսել եք, որ Խաչիկ վ<արդապետը> պեղումներ է կատարել։ Այդ լուրը միանգամայն հերյուրված կեղծիք է. նա ոչ միայն պեղումներ չի արած, այլև կատարած է մի շարք գործեր, որոնք Կոմիտեի1 համար միանգամայն ցանկալի էին։ Այս մասին կարծեմ ընդարձակ տեղեկագիր կա մեր ընկ. Սենեքերիմի մոտ, որ պիտի ներկայացնե Կոմիտեի ժողովին։

Իմ վրա ինկած է մի ծանր խղճի պարտականություն, որը մինչև օրս չեմ կարողացեր կատարել և այս հիվանդագին օրերուս էլ ոչինչ չեմ կարողանալու անել։ Չափազանց խնդրում եմ, որ այդ գործին մեջ օգտակար լինելու աշխատիք՝ ի նկատի ունենալով իմ անձիս արված ամեն մի բարիք։

Ձեզ հայտնի է Հակոբ Կարանյանցի թանգարանի2 պետականացման հարցը, որ տեղի ունեցավ 1921 թ. օգոստոս ամսի մեջ. ըստ դեկրետի պետք էր, որ Լուսժողկոմը վճռեր արժեքը և Ժողկոմխորհը վճարեր Լուսժողկոմի վճռած գումարը։

Հիշում եք անշուշտ նաև այդ մասին մեր ժողովը, որուն մեջ մեր հանրածանոթ Լալայանը, իր սովորական չարամտությամբ, այնքան նսեմացուց այդ թանգարանի արժեքը, որով մենք ոչինչ դրական հետևանքի չի հասանք և եղած որոշումն էլ հանգուցյալի կնոջ և ժառանգներին անընդունելի եղավ։ Մինչդեռ, եթե Լալայանը հին փորացավ չունենար և այդ թանգարանին մեջ եղած ուրարտական քանդակազարդ գոտիի և մամոնտի ժանիքի արժեքը միայն վճռեր, շատ բավական կմնային հանգուցյալի ժառանգները։

Եվ որովհետև հանգուցյալի օրինական կտակակատարը ես եմ, այդ հիման վրա Հակոբի այրին քանի օրե ի վեր իմ տանս նստած պահանջում է իր արդար իրավունքր, իսկ ես այժմ ոչինչ անելու կարող չեմ։ Իրենք հասած են ծայրահեղ թշվառության. ուստի ես խորհուրդ եմ տալիս ուղղակի դիմել Լուսժողկոմատ և պահանջել պաշտոնապես թանգարանի արժեքը, որպեսզի գնա Ժողկոմխորհից պահանջե իր իրավունքները։ Գործը մինչև այստեղ հասցնելու համար