Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անվնաս հանել են, բաժանել են իրենց մեջ, իսկ մյուս կոտրվածները նետել, ի վերջո մեր ընկ. Ավետիսը, որ լուրջ հսկում է իր գտնված շրջանին, տեղեկություն ստանալով՝ ինձ հաղորդեց: Ես անմիջապես պաշտոնական թուղթ գրեցի գյուղի նախագահին, որ աշխատանքը դադարեցնեն նույն կետին վրա և հանված խեցեղենները ուղարկեն մեզ: Հետևյալ օրը մեր ընկ. Սենեքերիմը իմ հիվանդության պատճառով անձամբ գնաց քննության, բայց որոշ եզրակացության չի կարողացավ հասնել, որովհետև ըստ երևույթին քարհանքի աշխատանքները դադարեցնելու երկյուղից ասել են, որ քարի վրայից են գտել: Նրանից հետո կրկին Ավետիսին պաշտոնապես ուղարկեցի գյուղի նախագահի մոտ, որուն ներկայությանն են հայտնագործվել այդ խեցեղենները: Նախագահը պաշտոնապես հաստատում է իրողությունը՝ իր ներկայության բացված լինելով, և պատրաստակամություն է հայտնում ապացուցանել իր ասած ճշմարտությունը: Այս պաշտոնական հայտարարությունը ևս կգտնեք նամակիս մեջ:

Ինչպես կտեսնեք, չափազանց կարևոր մի հարց է՝, թե՛ երկրաբանական և թե՛ պատմական տեսակետով, այս ավելի քան չորս արշին հաստությամբ քարե շերտի ներքևից սույն խեցեղենների գտնվելը (1910 թվականին գտնվել են նաև մանր ու խոշոր ամաններ ևս): Ուստի հարցը ներկայացրեք Ալ<եկսանդր> Իվանիչի ուշադրության և ի՞նչ փութանակի կարգադրություն որ կանե, անմիջապես հաղորդեցեք մեզ, որպեսզի հարկ եղածը անենք: Իմ կարծիքով այստեղ թե՛ երկրաբանական և թե՛ հնագիտական լուրջ քննություն է հարկավոր։

Խնդրում եմ տեղեկություն տաք, թե ի՞նչ եղավ Կարանյանցի կնոջ թանգարանի գործը4:

Թ. Թորամանյան

Հ. Գ. 1. Ալ<եկսանդր> Իվանիչը խոստացավ ինձ ռոճիկիս մնացորդը շուտով ուղարկել: Եթե հնարավոր է, ուղարկեք Բադալի հետ. գուցե մի քիչ կարողանամ շունչ քաշել: Սպունգի նման ծծեցին պարտատերեր Ձեր վերջին 45 ռուբլին, ես դարձյալ մնացի առանց տաք սպիտակեղենի:

<Հ. Գ. 2> Այսօր սկսեց բժիշկը սրսկումները, ինքս բավական կազդուրվեցի, այնպես որ հառաջիկա շաբթու կարող եք ժողով նշանակել, սրսկումները կտևեն մի շաբաթ: