Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախագահի կարգադրությամբ, առանձին մանդատով6, ես ղրկվեցի Եղվարդ՝ գործը տեղին վրա քննելու և տեղեկագրելու համար։

Հունիսի 23-ին ես անձամբ մեկնեցի Եղվարդ Աշտարակի ճանապարհով, բայց նախքան մեկնելս դիմեցի Էջմ<իածնի> Գավգործկոմի փոխնախագահին և տեղեկություն խնդրեցի Երևանից հեռագիր ստացված լինելուն և համապատասխան կարգադրություն արված լինելու մասին։ Փոխնախագահը պատասխանեց, որ Երևանից հեռագիրը ստացվելուն անմիջապես կարգադրված է Աշտարակի նախագահին։

Երբ հասա Աշտարակ, նույնպես դիմեցի տեղական Գործկոմին և խնդրեցի տեղեկություն Եղվարդի եկեղեցվո շինության դադարեցման մասին՝ Էջմիածնից արված կարգադրության գործադրության մասին։

Մեծ զարմանքով լսեցի նախագահի հայտարարությունը թե ինքը ոչ մի տեղեկություն չունի նմանօրինակ կարգադրության մասին, և նույնիսկ տեղեկություն չունի Եղվարդում նոր եկեղեցի շինվիլը։ Այս պատասխանին վրա ես ստիպված եղա հեռախոսին դիմել և հարցնել կրկին Էջմիածնի Գավգործկոմի նախագահին։ Նույն րոպեին ծառայողներից մին հայտնեց թե ինքը հիշում է նմանօրինակ մի կարգադրություն Էջմիածնից, սակայն հետևանքի մասին ոչինչ հայտնի չէ իրեն։

Այս հայտարարության վրա նախագահը հրամայեց, որ բոլոր թղթերը աչքի անցնեն և գտնեն այդ կարգադրությունը։ Վերջապես երկար պրպտումներից հետո, հայտնվեց Էջմիածնի Գավգործկոմից տրված հեռախոսագիրը, որով կպահանջվեր անմիջապես դադարեցնել Եղվարդի եկեղեցիի շինությունը, եթե մինչև այն դադարած չէր։

Հեռախոսագիրը տրված էր հունիսի 18-ին, սակայն չեմ իմանում ի՞նչ անփութությամբ, փոխանակ ընթացք տրվելու, նետվել էր արխիվ։ Թեև նույն պահուն անմիջապես կարգադրություն արվեց, սակայն արդեն ուշ էր, միայն ես հույս ունեի, որ գոնե իմ գրածս պաշտոնական նամակի հիման վրա արդեն վաղուց դադարած կլինին աշխատանքները։

Եղվարդ հասնելուս, Գյուղխորհրդի նախագահից պահանջեցի ամենից առաջ ցույց տալ ինձ իմ գրած գրությունս, որով կարգադրում էի շենքը դադարեցնել ժամանակավորապես՝ մինչև Կոմիտեի կողմից կարգադրություն լինելը։

Նախագահը հայտարարեց, որ իմ կողմից պաշտոնական թուղթ երբեք չէ ստացած, եթե ստացած լիներ, անմիջապես կկատարեր։