Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այն ժամանակ պահանջեցի գտնել Վասիլ Յուզբաշյանին և հարցաքննել թե ի՞նչ պատճառով գրությունս տեղ չէր հասցրած։ Դժբախտաբար Վասիլ Յուզբաշյանը գյուղից բացակա էր, գնացել էր Երևան։ Կանչել տվի Վասիլ Յուզբաշյանի ընկերը, որը միասին եկել էր ինձ մոտ և նրա ներկայության հանձնել էի նամակը։ Վասիլի ընկերը՝ բնիկ եղվարդեցի Մեսրոպ Սարգսյանը հայտարարեց նախագահի և այնտեղ գտնվող բազմության առջև թե նամակը ստացավ Վասիլը և միասին եկանք մինչև Աշտարակ, ես բաժանվեցի նրանից, այլևս չեմ իմանում թե ի՞նչ արավ կամ ո՞ւմ հետ ուղարկեց, որովհետև նույն օրերը ինք չեկավ Եղվարդ։

Ինձ բավարարություն չի տվին եղած հայտարարությունները և երևում է, որ դիտավորյալ կերպով իշխանությունից թաքցված էր նամակը։ Խնդրեցի Գյուղխորհրդի նախագահին, որ անմիջապես երաշխավորության տակ առնե նամակս բերող անձնավորությունները՝ իպահանջյալ հարկին բացատրություն տալու համար։

Ինչպես կտեսնվի, իմ գրությանս խորհրդավոր կերպով անհայտանալը և Աշտարակի Գործկոմին հինգ օր ևս անփույթ գտնվիլը, ունեցել են իրենց վատ հետևանքները։ Գյուղացիք ոչ միայն շտապով ամբողջացուցեր են պատերը, այլև ծածկել են վրան մաս մը տեղ արևելյան կողմից։ Ուստի իմ կարծիքով եկեղեցիի շինության մասին Կոմիտեի անելիք կարգադրության զուգընթացաբար, անհրաժեշտ է մի օրինական որոշում ունենալ՝ անտարբերությունով, իրենց պաշտոնին և պարտականության հանդեպ անբարեխիղճ վերաբերմունքով, գործը մինչև այստեղ հասցնող պաշտոնյաների կամ անհատների մասին։

Եղվարդից մեկնելուցս հետո, Աշտարակ հասնելուս, պարտք համարեցի մտնել այնտեղի հին հուշարձանները և տեսնել թե՝ նախագահի և գիտնական քարտուղարի7 ընկերակցությամբ ամիսներ առաջ արված պաշտոնական կարգադրությունները գործադրվա՞ծ են արդյոք նույն հուշարձանների պահպանության և մաքրության մասին։ Դժբախտաբար ինչ վիճակի մեջ որ տեսել էինք, նույն վիճակումն էլ մնում են։ Նախկին նախագահ և քարտուղար տեղափոխվելով, տեղը նորերն են եկած, հետևաբար առանց դիտողության, թողի կոմիտեի կարգադրության։

Թ. Թորամանյան